ԱՄՆ-ն հերքել է ֆրանսիացիներին գաղտնալսելու մեղադրանքը

09:25 • 23.10.13

ԱՄՆ-ի ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Քլեփերը մասամբ հերքել է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից Ֆրանսիայի քաղաքացիներին լրտեսելու մասին տեղեկությունները, որ նախօրեին հրապարակել էր ֆրանսիական Le Monde թերթը՝ Էդվարդ Սնոուդենի նյութերի հիման վրա:

 

Agence France-Presse-ի փոխանցմամբ՝ այդ թեմայով Le Monde-ի հոդվածները «ոչ ճշգրիտ և մոլորության մատնող տեղեկատվություն են պարունակում»: Նա մասնավորապես հերքել է, թե ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը Ֆրանսիայի քաղաքացիների ավելի քան 70 մլն հեռախոսազանգ է գաղտնալսել:

 

Մինչդեռ Le Monde-ը նոր տեղեկություններ է հրապարակել, որոնց համաձայն ամերիկացիները գաղտնալսել են Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցներին և ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչներին:

 

Քլեփերի հայտարարությունը Սպիտակ տան կողմից առաջին պաշտոնական հերքումն էր: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել էր վերանայել հետախուզական նպատակներով տվյալներ հավաքելու եղանակը: