Ադրբեջանցի դիվանագետները Զեյնալովին բացատրել են իր իրավունքները

13:05 • 23.10.13

Ադրբեջանցի դիվանագետներին թույլ են տվել այցելել Օրհան Զեյնալովին, որը մեղադրվում է Մոսկվայում 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանության համար, տեղեկացնում է Взгляд-ը։


Հանդիպման ընթացքում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները՝ հյուպատոս Ֆուադ Ալիևն ու խորհրդական Աղալար Ատամօղլանովը, Զեյնալովին բացատրել են իր իրավունքները, զրուցել և տեղեկացրել են, որ դեսպանատունը պայմանավորվել է փաստաբանի և թարգմանչի հետ։

 

Զեյնալովն իր հերթին հաղորդել է իր ձերբակալության օրը, ինչպես նաև մեկուսարանում գտնվելու ընթացքում իր դեմ ֆիզիկական ուժի կիրառման, առանձնակի դաժան և արժանապատվությունը վիրավորող վերաբերմունքի մասին։
 

Դիվանագիտական ներկայացուցչությունը նաև հաղորդել է, որ փաստաբանը մի քանի միջնորդություններ է ներկայացրել՝ մեղադրյալին մարմնական վնասվածքներ հասցնելու, նրա դեմ ֆիզիկական ուժ կիրառելու փաստերը քննելու վերաբերյալ։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեի նախագահ Վլադիմիր Մարկինը հայտարարել էր, որ ձերբակալության ընթացքում իրավապահների քայլերն արդարացված էին։ «Զեյնալովն իրոք դիմադրություն է ցույց տվել, և նրան ստիպված են եղել ուժով բռնել»,-ասել էր նա։