Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությունից սոցիալական բունտ է բխելու. ազատամարտիկներ
Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությունը ապօրինի է և ուղղակի «առևանգում»: «Դրանից բխելու է սոցիալական բունտ, որը կարող է տանել պետության համակարգային կործանման»,- այսօր կայացած ասուլիսին նման հայտարարությամբ հանդես եկան «Խաչակիր» ՀԿ նախագահ, «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության ղեկավար Գագիկ Սարուխանյանը և «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը:
Գագիկ Սարուխանյանն ասաց, որ չնայած արդեն մեկ ամսից ավելի է, որ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալված է, սակայն ազատամարտիկները այդպես էլ չեն կարողանում հիմնավոր տեղեկություն ստանալ գործից. «Վոլոդյա Ավետիսյանի կալանքի միջոցը փոխելու մասին բազմաթիվ դիմումներ ենք ներկայացրել, նրա համար երաշխավորել են 200-ից ավելի ազատամարտիկներ, սակայն այս գործը սարքելու հրահանգավորողը ակնհայտ թույլ չի տալիս Վոլոդյային ազատության մեջ հայտնվել»:
Նա պատմեց, որ Վոլոդյա Ավետիսյանը մեծ գործեր էր ծրագրել: Մի քանի անգամ իր հետ զրույցում անկեղծացել է. «Ասում էր՝ չեմ պատկերացրել, որ մեր պետությունն այսքան փտած է: Ասում էր՝ հասկանում էի, որ կան դժվարություններ, բայց որ ամբողջ համակարգն այսքան փտած է, չէի պատկերացնում: Նա պնդում էր, որ այս վարչախումբն ի վիճակի չէ լուծել հարցը»:
Գագիկ Սարուխանյանը նաև հիշեց, որ սեպտեմբերի 20-ին Վոլոդյա Ավետիսյանի հետ որոշել էին հանդիպել Ազատության հրապարակում՝ որոշելու, թե հաջորդ օրն ինչ են անելու. «Զանգեցինք ու պարզեցինք, որ դրա նախորդ օրը՝ գիշերը, նրան տնից առևանգել են: Ասում եմ առևանգել են, որովհետեւ առանց ծանուցագրի, գիշերը տղավարի կանչում են դուրս ու դրանից հետո նա անհետանում է… Գիտակցում ենք, որ այս գործը շինծու է, որովհետև մինչև հիմա քննության նյութերին ծանոթ չենք: Մեկ ամսից ավելի կալանքի մեջ է և իր նկատմամբ չի կատարվում քննչական գործողություն: Լավ, համարում ենք, անօրեն է կալանավորված, բայց եթե դուք չեք համարում, ուրեմն կատարեք քննչական գործողություններ: Ոչ առերեսում, ոչ ցուցմունքներ, ուղղակի պահում են»:
Արա Խուդավերդյանն էլ հանդես եկավ կոչով՝ ուղղված պետությանը. «Ուշքի արի պետություն, անդրադարձիր այս հարցին, որովհետև վաղվա պատերազմից ապահովագրված չես, վաղվա դիրքերում կանգնողը չգիտես որտեղ կկանգնի: Որոշել էինք մենք՝ որպես արհամարհվածներ, նստացույց հայտարարեինք, ու որպեսզի չկայանա դա, մեկուսացրին Վոլոդյային, շինծու հոդվածները կպցրին: Ուշքի եկեք»:
Ազատամարտիկի խոսքով՝ պարզվում է, որ Վոլոդյա Ավետիսյանի նման մարդիկ պետք չեն. «Մենք բոլորս անցել ենք և՛ քաղաքական պայքարներ, և՛ ռազմաքաղաքական, և՛ ռազմական, ուստի դիմում եմ պետությանը՝ ուշքի արի պետություն, քանի որ վաղը նորից կարող է պատերազմ լինել»:










