Ադրբեջանի պատվիրակությունն ի նշան բողոքի դադարեցրել է աշխատանքը «Եվրանեսթում»

12:39 • 24.10.13

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակությունը դադարեցրել է գործունեությունը տվյալ կառույցում։


Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, այդ մասին ասված է այսօր կառույցի փոխնախագահ, ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովի տարածած հաղորդագրության մեջ։

 

Հայտարարության մեջ նշվում է, որ որոշումը պայմանավորված է նախօրեին Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևով, որտեղ նշվում է, որ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները չեն համապատասխանել ԵԱՀԿ պահանջներին։

 

Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հիշեցրել է, որ Եվրախորհրդարանի դիտորդական առաքելությունը դրական գնահատական է տվել ընտրություններին՝ դրանք ազատ, արդար և թափանցիկ որակելով։


«Քանի դեռ հետաքննություն չի անցկացվել, և համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել, Ադրբեջանը ստիպված է դադարեցնել իր գործունեությունը «Եվրանեսթ»-ում»,-ասված է հայտարարության մեջ։