ԱՄՆ ռազմածովային ուժերի դուրս գրված ավիակիրը վաճառվել է 1 ցենտով

12:00 • 24.10.13

ԱՄՆ ռազմածովային ուժերի դուրս գրված ավիակիրը վաճառվել է 1 ցենտով։ Տեխասի Al Star Metals ընկերությունը նավի համար ռազմական գերատեսչությանը 1 ցենտ է վճարել՝ հաշվի առնելով դրա տեղափոխման համար նախատեսված ծախսերը, տեղեկացնում է Взгляд-ը։

 

1954թ.-ին, երբ «Ֆորեսթոլ» նավը շահագործման  էր հանձնվել, այն ԱՄՆ ռազմածովային ուժերի ամենամեծ նավն էր և Ամերիկայում տեխնիկայի հրաշք էր համարվում։ Դրա կառուցման համար ծախսվել է 217 մլն դոլար, որը ներկայիս հաշվարկներով համարժեք է 2 մլրդ դոլարին։

 

Սակայն վերջին 20 տարիներին ամերիկյան առաջին սուպերավիակիրը ժանգոտվում էր Ֆիլադելֆիայի ափերին, իսկ զինվորականներն ապարդյուն փորձում էին այն վաճառել, օրինակ, որպես «լողացող թանգարան»։
 

«Ֆորեսթոլը» մասնակցել է բազմաթիվ ռազմական գործողությունների, սակայն ամենահիշարժան դրվագը հավանաբար եղել է նավամատույցին տեղի ունեցած պայթյունների և հրդեհների շարքը, որը տեղի էր ունեցել 1967թ.-ին՝ Վիետնամի ափերին։ Այդ ժամանակ զոհվել էր 134 ամերիկացի զինծառայող, իսկ 161-ը վիրավորվել էին։ Փրկվածների թվում եղել էր նաև գործող սենատոր Ջոն ՄքՔեյնը։

 

Իր անվանումը նավն ստացել է ԱՄՆ պաշտպանության առաջին նախարար Ջեյմս Ֆորեսթոլի պատվին, որը պաշտոնանկությունից հետո ընկճախտի մեջ էր ընկել և ինքնասպան եղել։