ՄՄ-ի չմարսված լինելը, «խավիարային դիվանագիտությունը» և «մտրակի և բլիթի» քաղաքականությունը.Եվրախորհրդարանի բանաձևի գործոնները

14:04 • 24.10.13

Tert.am-ի հետ զրույցում «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը անդրադառնալով Եվրոպական խորհրդարանի ոչ հայանպաստ բանաձևին, նշում է, որ դրանում դեր են խաղացել երեք գործոն. Ադրբեջանի «Խավիարային դիվանագիտությունը», ՄՄ-ին Հայաստանի միանալու մինչև վերջ մարսած չլինելը և «Մտրակի ու բլիթի» քաղաքականությունը, որը տարվում է Ադրբեջանի հանդեպ:
Նա նշել է նաև, որ լավ կլինի, որպեսզի՝ «մեր Եվրոպայում հավատարմագրված դեսպանները Երևան գային՝ ժամացույցները մի հատ իրար հետ ստուգելու, մի հատ պատկերացնելու ուղղությունը ինչպես պետք է գնա, ինչ ձևով զարգանա...»։

- Պարոն Բեքարյան, արդեն իսկ հնչում են կարծիքներ, որ Եվրոպական խորհրդարանի ոչ հայանպաստ բանաձևը ԵՄ-ի «վրեժն» է Հայաստանի նախագահի՝ Մաքսային միությանն անդամակցելու ցանկության մասին հայտարարությանը:


-Եթե անդրադառնալու լինենք բանաձևին, ավելի ճիշտ՝ Ղարաբաղին առնչվող հատվածին, կարծում եմ, որ գործ ունենք մի քանի գործոնների հետ: Առաջինը, որ նորություն չէ, ադրբեջանական լոբբինգի աշխատանքն է և նրանց ազդեցությունը տարբեր կառույցներում, առավել ևս խորհրդարանականների վրա։ Սա այն է, ինչ ընդունած է համարել «խավիարային դիվանագիտություն», սա կար, կա, այսինքն՝ ոչ մի ձևով վերացած չէ:


Երկրորդ էական հանգամանքն, ըստ իս, այն է, որ, տեսեք, առաջին դեպքը չէ, որ տարբեր եվրոպական կառույցների կողմից, առավել ևս խորհրդարանական ձևաչափերի, ականատես ենք լինում այն քաղաքականությանը, որը պայմանականորեն կարելի է ասել՝«մտրակի և բլիթի»: Այսինքն՝ մի կողմից մենք այդ բանաձևում տեսնում ենք շատ մեծ քննադատություն Ադրբեջանի ընտրությունների հետ կապված, և մյուս կողմից, քանի որ խնդիր ունեն չհարուցելու շատ ագրեսիվ արձագանք, չնպաստելու նրան, որ հարաբերությունների անկում գրանցվի և այլն, դա կարծես բալանսավորում են Ղարաբաղին վերաբերող այդ հատվածով:


Եվ, իհարկե, երրորդը, կարծում եմ ՝ մեր եվրոպական գործընկերների կողմից առավել ևս խորհրդարանական ձևաչափերի, «սեպտեմբերի 3-ը» ընկալված չէ ամբողջությամբ, խորությամբ: Այսինքն՝ այստեղ գործ ունենք այն իրողության հետ, որ մեզանում, մեր ներսում կայացված որոշումը ընկալված և մարսված չէ և ինչ-որ խռովածություն, անհասկանալիության ելևէջներ են երևում: Իսկ եթե կոնկրետ անդրադառնալու լինենք բանաձևում առկա դրույթներին, տեսե՛ք, էնտեղ մի քանի էլեմենտ կա, որոնց հանդեպ պետք է ուշադիր լինել. եթե Վրաստանի հատվածում մենք տեսնում ենք տարածքային ամբողջականության խնդիր և առանձին չկա Աբխազիա և Օսեթիա, նմանատիպ իրավիճակ ունենք Մոլդովայի պարագայում, ուրեմն ՝ Ադրբեջանի և Հայաստանի հատվածներում, Ղարաբաղ «չկա»՝ դուրս է բերված, առանձնացված է, իսկ ՄԱԿ-ի բանաձևերին և այդ աննորմալ ձևակերպմանը՝ «օկուպացիա» և այլն, զուգահեռաբար գնում է հղվում Լակվիլայի հայտարարությանը, որոնք իրար հետ համադրելով շատ դժվար է պատկերացնել, թե ասողն ինչ էր ուզում ասել: Այսինքն՝ ահագին աննորմալ բաներ կան:


-Իսկ, առհասարակ, սա ինչ-որ ոչ կոմպետենտության մասին չի՞ խոսում, թե՞ վախեցնում են, որ տեսեք ինչերի կարող ենք վերադառնալ: Եվ ընդհանրապես կարո՞ղ ենք վերադառնալ, կա՞ նման պրակտիկա, որ մեկ այլ կառույցում՝ ՄԱԿ-ում քսան տարվա փաստաթղթերին վերադառնան, որոնք ընդունվել են ու մնացել:


-Կան ինչ-որ իրողություններ, որ մենք պետք է հասկանանք, որ դրանք փաստ են, իրողություն են, լինելու են: Խոսքն էս դեպքում վերաբերում է եվրոպական խորհրդարանականներին ու նրանց պատկերացումներին: Այսինքն՝ իհարկե կարելի է դնել կոմպետենտության խնդիր, բայց ակնկալել այդքան երկրների խորհրդարանականներից, որ նրանք պետք է կոմպետենտ մոտենան կամ վերաբերվեն, երևի դա միամտություն կլինի: Եվ դա չի առնչվում միայն մեզ, մեր խնդիրների, այդ խնդիրը գլոբալ կա, և դա խորհրդարանական մարմիններին բնորոշ խնդիրներից է: Սա հարցի մի կողմն է:


Մյուսն այն է, ինչ ներկայացրեցի, այդ երեք գործոնների առկայությունը, որոնց գումարմամբ ունեցանք սա: Այստեղ ուրիշ հարց կա, որ մենք պիտի մտածենք մեր անելիքների հետ կապված, պիտի մտածենք ոչ թե ինչ-որ շտապողականության ներքո, ֆորսմաժորային արձագանքների ներքո, չէ, դրա մասին չէ խոսքը, մենք պետք է հստակ գիտակցենք, որ եվրոպական գործընկերների կողմից, ես չեմ ուզում խոսել դիվանագիտական խողովակի մասին, գործադիրների և այլն, այնտեղ ինչ է կատարվում, թողնենք մի կողմ, բայց այն, որ ընդհանրապես հանրային ընկալումը Եվրոպայում և մասնավորապես, խորհրդարանականները, այս ամենը չեն ընկալում, սա մենք պետք է գիտակցենք, պատկերացնենք և այդ ուղղությամբ նորմալ աշխատանք ծավալվի:


Օրինակ՝ շատ ճիշտ կլիներ, որ մեր Եվրոպայում հավատարմագրված դեսպանները Երևան գային՝ ժամացույցները մի հատ իրար հետ ստուգելու, մի հատ պատկերացնելու ուղղությունը ինչպես պետք է գնա, ինչ ձևով զարգանա: Շատ ճիշտ կլիներ երևի, որ եվրոպական տարբեր կառույցներում եվրոպական գործընկերներին հետ աշխատող մեր խորհրդականները՝ լինի պատվիրակությունները այդ խորհրդարանական մարմիններում, լինի նույն Արտաքին հարաբերութունների հանձնաժողովը, նույն Եվրաինտեգրման հանձնաժողովը կամ Եվրոպայի հետ բարեկամության խմբերը, ակտիվանային և իրենց կոլեգաների հետ որոշակի աշխատանք տանեին՝ շատ ավելի ակտիվ, քան հիմա է: Կրկնում եմ՝ ընկալման և մարսման խնդիրը պետք է լուծել, անկախ բանաձևերի լավ կամ վատ լինելուց, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ լինելուց, միշտ ամենամեծ վտանգները գալիս են չհասկանալուց, չհասկացված լինելուց: Իսկ այդ խնդիրը կարծում եմ՝ ունենք այսօր։


-Ի՞նչ հետևանքների մասին կարելի է խոսել, իրավական կարծես չկա, ինչպես միշտ լինում է նման դեպքերում, սակայն հնարավո՞ր է, որ այսուհետ եվրոպական կառույցներում այդ դիրքորոշումը գերիշխող դառնա:


-Իհարկե, իրավական հետևանքներ չկան, բայց դա այն չէ, որ դրանով պետք է հանգստանալ, դա փափուկ բարձ չպետք է լինի, որովհետև, ամեն դեպքում, քաղաքական հայտարարություն է, քաղաքական ֆոն է: Եվ այստեղ մի բան էլ կա, որի հանդեպ պետք է ուշադիր լինել, չտրվել գայթակղությանը, չվերցնել միայն սա որպես առանձին վերցրած և պետք է համադրել այդ կառույցների կողմից տարբեր փաստաթղթերի հետ: Ես բերեցի հարցազրույցի առաջին հատվածի օրինակը, որ բերելով ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը, աննորմալ ձևակերպումները, միաժամանակ հղում են տալիս Լակվիլային: Մոլդովայի, Վրաստանի օրինակը, որտեղ ոչինչ չեն տեսնում Օսեթիայի , Աբխազիայի մասով, գրված է՝«Վրաստանի տարածքային ամբողջականություն»: Այո՛, սա ֆոն է քաղաքական, սրան պետք է ուշադիր լինել, չպետք է շտապողական կամ ագրեսիվ ռեակցիաներ տալ դեպի եվրոպական կառույցներ, այլ մտածված, հետևողական, քայլ առ քայլ, փորձել ինչը որ այսօր տեսնում ենք, որ գնում է ոչ այն հունով, պետք է, փորձել բերել այդ հուն:


-Իսկ այդ բանաձևը հնարավո՞ր է, որ վտանգի այն փաստաթղթի ստորագրումը, որը ակնկալվում է ստորագրել «համագործակցության այլ ձևաչափով» Հայաստանի և ԵՄ-ի միջև:
Այսինքն՝ վերջնականապես փչացնել Հայաստան-ԵՄ հարաբերությունները:


-Չէ՛, չեմ կարծում, Ամեն դեպքում գործողությունների համար, պրոցեսի համար կա պատասխանատուն՝ գործադիր մարմինը, այս դեպքում՝ Եվրահանձնաժողովը, մենք երկու էական փաստ կարող ենք արձանագրել. սեպտեմբերի 3-ից գրեթե մեկ ամիս առաջ, երբ Եվրահանձնաժողովը տարածեց հայտարարությունը, որ Հայաստանի հետ բանակցությունները հաջողությամբ ավարտված են և Հայաստանը պատրաստ է արդեն Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը։ Որևէ կերպ , որևէ կետով այդ համաձայնագրի կամ գործընթացի հետ ընթացքը չէր կապվում ղարաբաղյանի հետ: Այսինքն՝ պաշտոնական դիրքորոշումը շատ ավելի դա է ներկայացնում, քան խորհրդարանականների տվածը՝ Եվրոպական խորհրդարանինը: Բայց նորից եմ կրկնում՝ ֆոնային ազդեցություն, իհարկե, կունենա: