Եվրախորհրդարանը Մերաբիշվիլիին քաղբանտարկյալ չի համարել
Վրաստանում թերանում են ժողովրդավարական չափանիշների իրականացման հարցում. ասված է Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում։
Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, եվրոպացի դիվանագետները բանաձևի 38-րդ կետում ընդգծել են, որ ընթացիկ իրավական գործընթացներն ընդդիմադիր գործիչներին, այդ թվում՝ Վանո Մերաբիշվիլիին, վնաս են հասցնում, և կոչ են արել կառավարությանը հարգել եվրոպական չափանիշներն ու նորմերը։
Վրաստանի Ներքին գործերի նախկին նախարար, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի «քաղբանտարկյալի կարգավիճակի» ձևակերպում փաստաթղթում չի եղել։
Միևնույն ժամանակ փաստաթղթում նշվում է, որ Եվրախորհրդարանը ճանաչում է Վրաստանի գրանցած առաջընթացը երկրի արդիականացման և ասոցացման համաձայնագրի պահանջների իրականացման հարցերում։
Փաստաթղթում նշվում է, որ Եվրոպան դրական է գնահատում ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունների միջոցով իշխանության փոխանցումը և կառավարության ջանքերը՝ կոռուպցիայի դեմ պայքարում։










