Նիգերիայում ահաբեկչության դեմ պայքարում են հարսանիքների միջոցով
Նիգերիական քաղաքներում ահաբեկչության դեմ պայքարում են զանգվածային հարսանիքների միջոցով, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The World Times-ին:
Ինչպես նշում է թերթը, հակաահաբեկչական արշավը ողջ աշխարհում կենտրոնացված է անվտանգության խիստ նորմերի և ռազմական ուժի կիրառման վրա, մինչդեռ Նիգերիայում քննարկվում են հակաահաբեկչական գործողությունների այլ տարբերակներ:
Հարսանեկան զանգվածային արարողություններին մասնակցելու համար ներգրավում են երիտասարդ չամուսնացած, բաժանված կամ այրի աղջիկների: Դա թույլ է տալիս լուծել միայնակ կանանց խնդիրը և կանխել երիտասարդ տղամարդկանց մոտ ծայրահեղ տրամադրությունները՝ վստահեցնում են «հակաահաբեկչական հարսանիքների» կազմակերպիչները:
Բացի այդ, երիտասարդ ընտանիքը ֆինանսական օգնություն է ստանում պետությունից և որոշ քանակով շինարարական նյութեր:
Երկրում մեծությամբ երկրորդ քաղաք Կանոյում 1.300 զույգ ամուսնացել է հարսանեկան զանգվածային արարողության ժամանակ: Զույգերի մեծամասնությունն ինքնակամ է որոշում կայացնում ամուսնության մասին, սակայն կառավարությունը կարող է նաև զույգ փնտրել ծրագրի մասնակցի խնդրանքով: Նիգերիայում վստահեցնում են, որ երիտասարդ ընտանիքներում ահաբեկչական գործողությունների դիմելու դեպքեր չեն լինում:










