Ռուսաստանը մեղմել է «Գրինփիսի» ակտիվիստների մեղադրանքը. նրանք այլևս ծովահեն չեն

13:19 • 24.10.13

Ռուսաստանը մեղմել է Arctic Sunrise նավի՝ «Գրինփիս» բնապահպանական կազմակերպության ակտիվիստներին ուղղված մեղադրանքները. այժմ նրանք մեղադրվում են ոչ թե ծովահենության, այլ խուլիգանության համար, հայտնում է «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը:

 

Ըստ աղբյուրի՝ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Նիդեռլանդները, որի բազմաթիվ քաղաքացիներ գտնվել են նավում, այս հարցով դիմել է միջազգային դատարան՝ պահանջելով, որպեսզի Ռուսաստանն ազատի նրանց:

 

Սեպտեմբերի 18-ին 28 ակտիվիստներ, նրանց հետ նաև երկու լրագրող, նավով պայքարի էին դուրս եկել ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ, որը նավթ է արդյունահանում Արկտիկայում:

 

Ծովահենության մեղադրանքով նրանց 15 տարվա ազատազրկում էր սպառնում: Այժմ նրանք պահվում են Մուրմանսկում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակտիվիստները հրաժարվել են ցուցմունք տալ:

«Գրինփիսը» պահանջում է բոլոր ակտիվիստների անհապաղ ազատ արձակումը: