Օբաման կոչ է արել կոնգրեսին՝ մինչև տարեվերջ միգրացիոն բարեփոխումներ անցկացնել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի կոնգրեսին կոչ է արել մինչև տարեվերջ միգրացիոն բարեփոխումներ անցկացնել, որը, նրա խոսքով, զգալի եկամուտներ կբերի ԱՄՆ-ին՝ ՀՆԱ-ի աճի բարձրացման տեսքով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ ԱՄՆ-ի սենատը օրինագիծ էր ընդունել, որը անօրինական ճանապարհով ներգաղթյած 11 մլն անձանց հնարավորություն էր ընձեռում օրինականացնել իրենց կարգավիճակը և ապագայում քաղաքացիություն ստանալ, եթե վերջիններս վճարեն անօրինական բնակության համար սահմանված տուգանքը, անգլերեն սովորեն, կանոնավոր կերպով վճարեն հարկերը և չխախտեն երկրի օրենքները: «Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը դեռևս չի անցել բարեփոխումների քննարկմանը»,- նշում է աղբյուրը:
«Անկախ տնտեսգետների հաշվարկները ցույց են տվել, որ սենատի օրինագծի անցկացման պարագայում հաջորդ երկու տասնամյակների ընթացքում երկրի տնտեսությունը 1.4 տրիլիոն դոլարով ավել աճ կգրանցի, քան՝ օրենքի չընդունման դեպքում: Այս օրենքը տրիլիոն դոլարով կկրճատի ԱՄՆ-ի դեֆիցիտը», - հայտարարել է Օբաման՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը:










