Կատարյալ աբսուրդ է. Շարմազանովը՝ Եվրախորհրդարանի ԼՂ բանաձևի մասին

10:56 • 24.10.13

ԼՂ հակամարտության վերաբերյալ մի շարք դրույթներ պարունակող՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում երեկ քվեարկության դրված բանաձևին անդրադառնալով՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն աբսուրդ է համարել ԼՂ հակամարտության կարգավորումը կապակցել քսան տարի առաջ ընդունված ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի հետ:  

 

«Բոլորին էլ լավ հայտնի է, որ միջազգային հանրությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին է վստահել խնդրի կարգավորումը, իսկ այդ պետությունների ղեկավարների կողմից արված հայտարարություններում որևէ հղում չկա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերին: Կատարյալ աբսուրդ է՝ ԼՂ հակամարտության կարգավորումը կապակցել քսան տարի առաջ, մինչ զինադադարի կնքումն ընդունված բանաձևերի հետ:

 

Դա որևէ կերպ չի կարող օգնել խնդրի խաղաղ կարգավորմանը, քանզի դրանց նպատակը ոչ թե հակամարտության կարգավորումն է եղել, այլ ռազմական գործողությունների դադարեցումը, ինչն էլ եղել է 1993 թվականին: Այսօր այդ բանաձևերն արդիական լինել չեն կարող, ու հենց դրանից ելնելով է, որ Մինսկի խմբի կամ համանախագահ երկրների որևէ փաստաթղթում այդ բանաձևերին հղում չի արվել»,-«Առավոտի» հետ զրույցում ասել է Էդուարդ Շարմազանովը: