Թաիլանդում ավտոբուսն ընկել է ձորը. զոհվել է 21 կին

09:06 • 24.10.13

Թաիլանդի հյուսիսում բուդդիստ ուխտավորների տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։

 

Իրավապահ մարմինների տեղեկություններով՝ ավտոբուսը լեռնային շրջադարձի վրա բախվել է արգելապատնեշին և ընկել 50 մետր խորությամբ ձորը։ Նախնական տվյալներով՝ խափանվել են ավտոբուսի արգելակները։

 

Փրկարարներից շատ ժամանակ է պահանջվել ավտոբուսից բոլոր տուժածներին դուրս բերելու համար։ Աշխատանքները դժվարացել են ոչ միայն պատահարի տեղանքի, այլև մթության պատճառով. միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 19։00-ի սահմաններում։

Ոստիկանությունը նշում է, որ բոլոր զոհերը կանայք են եղել՝ հյուսիսային Չիանգմայ նահանգից։ Այդ օրը նրանք խմբով այցելել են հարևան նահանգի տաճարներից մեկը։