«Ձուկը գլխից է փտած», «Վերցրել են կարթը, ցանցը, նավակը ու ասում են՝ ձուկ բռնի». կարծիքներ գործազրկության նպաստի կրճատման մասին

20:03 • 24.10.13

Առաջին ընթերցմամբ երեկ Ազգային ժողովի կողմից ընդունված «Զբաղվածության մասին օրենքը», ըստ որի գործազրկության 18.000-ական դրամ նպաստներն այլևս չեն վճարվի, հնարավորություն կտա պետությանը տնտեսել ամսական կտրվածքով 165.888.000 դրամ, իսկ մեկ տարվա կտրվածքով՝ 1.990.656.000 դրամ:

 

Այս հաշվարկները կատարվել են «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պաշտոնական կայքում առկա տվյալների հիման վրա: Ըստ այդ տվյալների՝ 2013թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում աշխատանք փնտրող գրանցված ընդհանուր 66.900 գործազուրկներից գործազրկության նպաստ ստանալու իրավունք ունի 9.216 մարդ, ինչը նշանակում է, որ պետությունն այս թվով քաղաքացիների չի վճարի ամսական 18.000 դրամ: Գործազուրկների այս խմբից 6436-ը կանայք են, 1570-ը` երիտասարդներ, այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 22.8 %-ով (11.3 000 մարդ):

 

Նպաստների ինստիտուտը վերացնելու և նպաստառուներին սոցիալական ակտիվ ծրագրերում ներգրավելու թեզը հայտնի է որպես «ճիշտ է ոչ թե նպաստառուին ձուկ տալը, այլ կարթ՝ ձուկ բռնելու համար»:

 

«Ձուկը գլխից է հոտում»,-այսպես է վերաձևակերպում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Վահագն Խաչատրյանը կառավարության այս թեզը:

 

Tert.am-ի հետ զրույցում տնտեսագետն ասաց. «Այս նախագծի հետևանքով աղքատների թիվը Հայաստանում ավելանալու է: Այսինքն՝ իրենք գնում են «ձուկը գլխից է փտած» տարբերակով. փոխանակ խթանեին մրցակցությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, վերացնեին գործազրկությունը, գնում են ավելի հեշտ ճանապարհով: Ուղղակի մարդկանց, որոնք սոցիալական ծանրագույն վիճակում են գտնվում, դրանով են կարողանում ինչ-որ նվազագույն ծախսերը հոգալ, դրանից էլ են կտրում»:

 

Վահագն Խաչատրյանը նշեց, որ այս օրինագիծը էլ ավելի է խթանելու արտագաղթը, «որովհետև առաջ կարող էր այդ 18.000 դրամը նրանց ինչ-որ դեպքում թույլ տալ մնալ գյուղում կամ քաղաքում»: Ըստ Վահագն Խաչատրյանի՝ աղքատների ներկայիս 35% պաշտոնական մակարդակը (տարբեր փորձագիտական ոչ պաշտոնական թվերը շատ ավելի բարձր են) այդ դեպքում արագ կհասնի՝45-50%-ի:

 

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ կարծում է` ձուկ բռնել սովորեցնելու համար պետք է կատարվեն այն քայլերը, որոնք տարիներ շարունակ իրենք ասում են: «Հիմա կառավարությունը եկել, մարդկանց ձեռքից կարթը վերցրել է, ցանցը, նավակը վերցրել է, ափին էլ մոտ 100 մետրից չի թողնում մոտենալ, հետո էլ ասում է՝ ես ձեզ ձուկ բռնել եմ սովորեցնում, այդպես չի լինում»,-ասաց նա՝ նկատելով, թե նույնիսկ ձկան պոչից այն մի կտորը, որը տալիս էին քաղաքացուն, դա էլ այսօր չեն տալու:

 

Վերջինս անընդունելի է համարում ընդունված օրենքը. «Մեծ անմարդկային քայլ է սոցիալական ծանր իրավիճակի առջև կանգնած մարդկանց կտրել նմանատիպ նպաստից: Նույնիսկ մեր Սահմանադրությունն ասում է, որ Հայաստանը նաև սոցիալական պետություն է, սա նշանակում է, որ պետությունն իր առջև սոցիալական երաշխիքների հետ կապված խնդիրներ ունի, գործազրկության նպաստը դրանցից մեկն է»:

 

Արմեն Մարտիրոսյանը նշեց այն, որ իշխանություններն իրենց վարած քաղաքականության արդյունքում, քանի որ գանձարանում այլևս գումար չունեն, փորձում են կրճատել, իսկ կրճատումները, բնականաբար, պետք է տեղի ունենան սոցիալական ոլորտից:

 

Մարտիրոսյանի խոսքով՝ իրենք չեն գնացել այն ճանապարհով, ինչը տարիներ առաջ առաջարկում էր «Ժառանգությունը», որ ստվերը կրճատեն, տնտեսությունը ազատականացնեն, կառավարման համակարգն ազատականացնեն. «Այդ ամենն անելու փոխարեն անընդհատ երկրի ռեսուրսները մաշում են քաղցկեղի պես, և արդեն ունենք այսպիսի վիճակ, որ նույնիսկ պաշտոնական տվյալներով առևտրի շրջանառությունն է պակասել»:

 

Հիշեցնենք, որ երբ առաջին ընթերցմամբ ընդունվեց օրենքի նախագիծը, ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում գործազուրկների նպաստի ինստիտուտը վերացվում է, և մյուս կողմից բոլորը լուրջ դեմքով քննարկում են Սերժ Սարգսյանի աշխատավարձը 203%-ով, Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի աշխատավարձը 218%-ով ավելացնելու մասին հարցը։ 

 

Իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ընկալմամբ՝ Կառավարության կողմից ներկայացված «Զբաղվածության մասին» օրինագիծը «հոգեբանության փոփոխության մասին է»։ Այսինքն, ըստ պատգամավորի, տպավորությունն այնպիսինն է, որ ՀՀ քաղաքացիները մուրացիկ են, նպաստ ստանալու սովոր, այսինքն՝ աշխատելու ունակ քաղաքացիներ չեն, և օրենք են ընդունում, որպեսզի նրանց հոգեբանությունը փոխեն: