Վարդան Պետրոսյանի անվտանգության խնդիր դրված չէ. ոստիկանության աղբյուր

16:57 • 24.10.13

«Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժնում գտնվող դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ անվտանգության միջոցառումներ չեն իրականացվում, և դրանց անհրաժեշտությունը չկա, Tert.am-ին հայտնեցին ոստիկանության մեր աղբյուրները՝ չհամաձայնելով, թե հոկտեմբերի 20-ի վթարից տուժածների հարազատների կողմից հրապարակային սպառնալիքներ են հնչել դերասանի հասցեին:


«Էրեբունի» ԲԿ–ի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը Tert.am-ին հայտնեց, որ Վարդան Պետրոսյանը դուրս կգրվի Վերակենդանացման բաժանմունքից, սակայն ոչ թե դերասանի անվտանգության նկատառումներով, այլ որ նրա վիճակն արդեն թույլ կտա տեղափոխվել պալատ։


«Վարդան Պետրոսյանը հայտնի մարդ է, շատ մարդիկ կգան կայցելեն և իր իսկ վիճակի համար ավելի լավ է, որ մնա մեզ մոտ»,- ասաց նա։


Հիշեցնենք, որ վթարի հետևանքով զոհված երկու տղաների հարազատներից մեկը հայտնել էր, որ վթարի օրը Վարդան Պետրոսյանը շատ մեծ արագությամբ է երթևեկելիս եղել, ինչը հերքել էր դերասանը՝ խնդրելով չհավատալ հերյուրանքներին, թե ինքը հարբած է եղել կամ վարել է ավտոմեքենան 120, 160, կամ 180 կմ/ժ արագությամբ»:


Նշենք, որ այդ խոսակցությունների տեղիք էր տվել զոհված եղբայրների քրոջ վկայությունը, ինչը կարող էր հերքվել կամ հաստատվել, եթե ավտոճանապարհի այդ հատվածին արագաչափ տեղադրված լիներ:


Ոստիկանությունից, սակայն, կրկին անանուն, նշեցին, որ այդ հատվածում արագաչափ տեղադրված չէ: