Վոլգոգրադում պայթեցված ավտոբուսի վարորդին կպարգևատրեն հերոսության համար

14:16 • 24.10.13

Օրեր առաջ ՌԴ Վոլգոգրադ քաղաքում պայթեցված ավտոբուսի վարորդ Դմիտրի Մենշովը և քաղաքային փրկարար ծառայության 4 աշխատակից կպարգևատրվեն՝ ահաբեկչությունից րոպեներ անց ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի, արիության ու հերոսության համար։

 

Ինչպես հայտնում է РИА-Новости-ն, Մենշովն ու 4 աշխատակիցներն առաջինն են օգնություն ցուցաբերել ահաբեկչության հետևանքով տուժածներին։

 

«Դմիտրին իրական պրոֆեսիոնալիզմ է ցուցաբերել ու փրկել մարդկանց։ Պայթյունի ալիքից նա կարող էր դուրս գալ հանդիպակաց գոտի, սակայն վարորդը կարողացել է վերահսկել ընթացքն ու կանգնեցրել է ավտոբուսը՝ օգնելով տուժածներին դուրս գալ»,-նշել է ուղևորատար ավտոբուսային ձեռնարկության տնօրեն Սերգեյ Կոլեսնիկովը։

 

Հիշեցնենք, որ երկուշաբթի տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 6 մարդ և մահապարտը. ևս 40 մարդ վնասվածքներ է ստացել։