Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել, որը կարող է զրկել նրան համաներումից. փաստաբան
Արդեն մոտ մեկ ամիս կալանավորված ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ օրեր առաջ ՊՆ քննչական մարմինը խարդախություն կատարելու մասին նոր մեղադրանք է առաջադրել: Այդ մասին այսօր կայացած ասուլիսին հայտնեց ազատամարտիկի փաստաբան Արա Զաքարյանը՝ նկատելով, որ դա կարող է զրկել գնդապետին համաներման ակտով ազատ արձակվելու հնարավորությունից:
«Նրան ձերբակալելուց հետո բացի մեղադրանք առաջադրելուց քննչական որևէ գործողություն չի արվել: Քննչական մարմինը հրատապ պետք է կատարեր առերեսում Ավետիսյանի և այն անձանց հետ, որոնք նրա դեմ ցուցմունք են տվել: Մեկ ամսվա ընթացքում ոչ մի այդպիսի գործողություն չի արվել: Ուրբաթ օրը նոր մեղադրանք առաջադրվեց՝ խարդախություն կատարելու փորձի վերաբերյալ և կրկին ոչ մի առերեսում»,-ասաց նա:
Վերջինիս փոխանցմամբ՝ նոր մեղադրանքի առաջադրումը կարող է զրկել Վոլոդյա Ավետիսյանին նաև համաներման ակտով ազատ արձակվելու հնարավորությունից, քանի որ համաներման որոշման պահանջներից մեկն այն է, որ եթե անձը մեղադրվում է մի քանի հանցագործությունների համար, ապա տվյալ դեպքում համաներման ակտի կիրառումը մնում է դատարանի վրա:
«Համներումը տվյալ դեպքում կիրառվում է, եթե ազատազրկման դատապարտվելու որոշումը չի գերազանցում հինգ տարին: Տեսականորեն կարելի է ասել, որ Ավետիսյանի դեմ ներկայացված մեղադրանքները կարող են գերազանցել հինգ տարին, դրա համար էլ քննչական մարմինը հրատապ նոր մեղադրանք առաջադրեց, որ ցույց տա, որ ազատ արձակման որոշումը դատարանինն է»,-ասաց փաստաբանը՝ վստահեցնելով, որ գնդապետի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, քանի որ «դատարանի և քննչական մարմնի գործողությունների հիմնավորում չկա, ամեն ինչ կամայական է արվում»:










