«Ժառանգությունը» դեմ է պետպաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելուն, քանի որ նրանք լավ չեն աշխատում. Զարուհի Փոստանջյան

16:30 • 24.10.13

Ազգային ժողովում քննարկվող «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագծին «Ժառանգություն» խմբակցությունը դեմ է, քանի որ կարծում է, որ այդ պաշտոնյաները, ինչպես նաև պատգամավորները, լավ չեն աշխատում և, հետևաբար, նրանց աշխատավարձերը չպետք է բարձրացվեն, ինչպես նախատեսում է օրինագիծը։


Խմբակցությունների ամփոփ ելույթի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ասաց, որ այս օրինագիծը նախատեսում է բարձրացնել պատգամավորի աշխատավարձը, սակայն ոչ ուսուցչի, մանկավարժի:


«Ես այսօր ստանում եմ 240.000 դրամ աշխատավարձ և կարծում եմ, որ լավ չեմ աշխատում: Իսկ այն մանկավարժը, որն ստանում է 100.000 դրամ, նա հսկայական գործ է անում, մեր երեխաներին տալիս է գիտելիք: Իսկ մենք այստեղ ի՞նչ ենք անում»,- հարցրեց նա։


Պատգամավորը նշեց, որ իրենք պարտավոր են կարգ ու կանոն հաստատել, բայց արդյունքում օրեցօր աճում է արտագաղթը, իսկ քաղաքացիները նույն պաշտոնյաններից և պատգամավորներից հիասթափվում են:


«Մենք լավ չենք աշխատում, որ աշխատավարձ բարձրացնեն, այդ թվում՝ չպետք է բարձրանա կառավարության անդամների, նախարարների աշխատավարձերը, որովհետև լավ չենք աշխատել: Ամեն օր մեր քաղաքացին չի զգացել, որ իր կյանքը բարելավվում է, հակառակը՝ մեր քաղաքացին ամեն օր դժգոհում է»,– ասաց նա:


«Անբարոյական է, երբ մենք ցանկանում ենք մեր աշխատավարձը բարձրացնել։ Նույն պարոն (Հովիկ – Tert.am) Աբրահամյանի խնդիրը. ինչո՞ւ պետք է բարձրանա (նրա աշխատավարձը – Tert.am): Ինչպե՞ս է մեր քաղաքացին մեզ գնահատելու, եթե մենք կողմ քվեարկենք այս նախագծին»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։