Ամերիկայի Հայ դատի գրասենյակը Սպիտակ տանը կոչ է անում ցուցադրության հանել Հայոց ցեղասպանության որբերի գորգը
«Հայտնե'ք ԱՄՆ-ի կոնգրեսին. Հայոց ցեղասպանության որբերի գորգը պետք է նշանակալի ձևով ցուցադրության հանվի». իր կայքում նման կոչով է հանդես եկել Ամերիկայի Հայ դատի գրասենյակը: Կոչին, ի դեպ, կարելի է միանալ ԱՄՆ-ի տեղական ներկայացուցչին ուղարկելով նույն պահանջը:
Օբամայի վարչակարգի՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտմանը սատարելու հարցում նոր հարթություն է բացահայտվել Washington Post-ի հրապարակումից հետո, որի համաձայն՝ Սպիտակ տան պահոցներում պահվում է գորգ, որը գործել են Ցեղասպանությունից փրկված հայ որբերը և նվիրել ԱՄՆ նախագահին: Այժմ Սմիթսոնյան թանգարանը ցանկանում է ցուցադրել գորգը, իսկ Սպիտակ տունը հրաժարվում է տրամադրել այն:
Ընդ որում՝ սկզբում Սպիտակ տունը համաձայնել է, սակայն հետո անհասկանալիորեն կտրուկ հրաժարվել:
Գորգը նվիրվել է նախագահ Քելվին Քուլիջին 1920-ականներին՝ ի նշան ԱՄՆ-ի ցուցաբերած մարդասիրական աջակցության հանդեպ հայերի երախտիքի, ինչը փաստված է նաև լուսանկարով:
Կոչը կարելի է հղել Ամերիկայի Հայ դատի գրասենյակի SmartMail-ով՝ պարզապես հավաքելով ձեր փոստային կոդը, և սեղմելով՝ go: Դրանից հետո պետք է լրացնել ձեր անունը, հասցեն և էլեկտրոնային փոստը:










