Հարսնաքարի գործով տուժողներից Արտակ Բայադյանը բացառեց, որ Վահեին միայն մեկը հարվածած լինի (տեսանյութ)
Ավան և Նորք Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի դատավարությամբ շարունակվեց Հարսնաքարի գործով հերթական դատական նիստը: Այսօր երկրորդ անգամ հարցաքննվեց տուժողներից Արտակ Բայադյանը: Նա ևս մեկ անգամ հաստատեց նախկինում իր տված ցուցմունքները:
Թեև նախորդ դատական նիստերից մեկում ամբաստանյալներից Գարիկ Մարգարյանն իր խոստովանական ցուցմունքում ասել էր, որ ինքն է ծեծել Արտակ Բայադյանին, սակայն վերջինս ընդգծեց, որ իրեն միայն մեկ հոգի չի հարվածել:
Հիշեցնենք, գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծից 12 օր անց` հունիսի 29-ին, այդպես էլ գիտակցության չգալով մահացավ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը:
Նա պատմեց, որ առաջին հարվածն ինքը ստացել է թիկունքից, իսկ այնուհետև մի քանի հարված՝ առջևից:
Ինչ վերաբերում է սպանված Վահե Ավետյանին, ապա տուժողն ասաց, թե նկատել է, որ Վահե Ավետյանը մի քանի հոգով էր շրջապատված, հետևաբար բացառեց նաև, որ Վահե Ավետյանին ևս միայն մեկը հարվածած լինի:
Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանը տուժողին հարցրեց, թե նա արդյոք չի՞ հայհոյել իրեն, ինչը հերքեց տուժողը և ավելացրեց, որ չի էլ լսել, որ Վահե Ավետյանը հայհոյած լինի:
«Դու չէի՞ր, որ գետնին ընկած ժամանակ քֆուր էիր տալիս, կինո՞ եք պատմում»,-ասաց Գարիկ Մարգարյանը:
Ամբաստանյալներից Նորայր Հայրապետյանն էլ անդրադառնալով տուժողի ավելի վաղ տված ցուցմունքներին ասաց. «Ես սցենար էի գծե՞լ, որ քեզ ու քո ընկերներին տանեի ավտոկայանատեղի և ծեծի ենթարկեի՞: Ես քեզ ճանաչե՞լ եմ, որ տանեի ընդեղ քո պատմելով լանգետ սարքեի: Եթե չէ, էլ իմ միտումը ո՞րն էր»:
Նորայր Հայրապետյանը վրդովմունքով հայտարարեց, թե տուժողներին տանում են սովորեցնում են ինչ ասեն:
«Իրենք էլ չեն իմանում ինչ են խոսում: Ես քեզ խփե՞լ եմ...: Քսան հոգի քեզ խփե՞լ են...: Դու քանի՞ հատ վնասվածք ես ստացել»,- տուժողին հարցրեց ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը, որին ի պատասխան տուժողն ասաց, որ չի կարող ասել թե Նորայրն իրեն խփել է թե ոչ, սակայն ինքը ստացել է բազմաթիվ վնասվածքներ՝ գրեթե 30:
Նշենք, որ Նորայր Հայրապետյանը նախորդ նիստերից մեկում խոստովանել էր, որ միայն ինքն է հարվածել Վահե Ավետյանին:
Լուսանկարը՝ medialab.am-ի










