Հաճախ մեզ թվում է, թե նրանք սրիկա են, բայց չէ, նրանք իդիոտ են. Սերգեյ Դանիելյանը պաշտոնյանների մասին

17:56 • 25.10.13

Դերասան Սերգեյ Դանիելյանը հավատացած է մեր պաշտոնյաներն իրականում ոչ թե սրիկա են, ինչպես շատերին է թվում, այլ ընդամենը «իդիոտ»։ «Շատ հաճախ մեզ թվում է, թե նրանք սրիկա են, բայց չէ, նրանք իդիոտ են։ Նրանք պատուհանից են աշխարհը տեսնում, միայն «Ֆեյսբուքից» տեղեկություն ունեն, էն էլ, երևի, մի նանար է գալիս պատմում ինչ են խոսում իրենց մասին, երևի՝ մի սեքս բոմբ, բայց չգիտեն իրականում ինչ է կատարվում»,– «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց դերասանը։


«Իրապես մենք խելոք մարդու, տնտեսվարի սրտացավ մարդու կարիք ունենք։ Մեզ մոտ կա՛մ պատրիոտներ են, անունները չեմ տալիս, սաղ գեներալներ են, կարող է գլուխս ուտեն, կա՛մ իդիոտ, մամայի բալաներ»,- նշեց նա։


Հարցին, թե ի՞նչ վատ բան կա 70 միլիոն եվրո տանուլ տալու մեջ (նկատի ունի ԵԽԽՎ–ում ՀՀ նախագահի տրված հարցը), Սերգեյ Դանիելյանն արձագանքեց. «Իսկ ո՞վ է ասում վատ է, հալալա»։


Սերգեյ Դանիելյանն ասաց, թե հավատում է, որ «Դիվադադար+» վիդեո բլոգի միջոցով հանրայնացնելով այն, ինչ բնակչության 90%–ը խոսում է խոհանոցներում, կարող է արթնացնել մարդկանց։ «Այո «Դիվադադարը+»–ը հենց նրա համար է, որ մարդկանց բզի։ Ամեն ինչ պարզ է, նոր բան չկա, կարևորը, թե ինչպես ես ասում»,-նշեց նա։
 

Դերասանը վստահեցրեց, որ ինքը իրականությունից շատ չի կտրվել և հիշեցրեց երեկ ԱԺ-ում տեղի ունեցած շոուն՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, ինչին ինքը նույնպես կանդրադառնա իր բլոգում։

«Շատ զվարճալի էր, նստած անունը չգիտեմ էն ով էր, նախագահը (հուշեցին՝ Հովիկ Աբրահամյանը) նստած լուրջ դեմքով նայում էր ... դա արվեստագետի համար բերի հող է, դրանից «Դիվադադար» կսարքեմ։ Ես շատ շնորհակալ եմ, չոր ու ցամաք դեպուտատի խոսքը գալստուկով հետաքրքիր չի այնքան, ինչքան դերասանինը»,- ասաց նա։
 

Ի պատասխան հարցի, թե այսինքն՝ ինքը Նիկոլ Փաշինյանի մեջ արտիստի՞ է տեսնում, Սերգեյ Դանիելյանն ասաց, թե պատգամավորի ընթերցած տեքստն իրեն հետաքրքրեց, ինչը, ըստ դերասանի, հավանաբար, ինքն էլ չի գրում։ «Երևի ինքն էլ չի գրում, ես չեմ հավատում, որ քաղաքական գործիչը նման ձևով արտահայտի, երևի ինչ-որ մեկը գրում է իր համար կամ եթե ինքն է գրում, ուրեմն բրավո»։


Սերգեյ Դանիելյանը չի թաքցում, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հավանում է և, ըստ նրա, քաղաքապետը միայն մեկ բացասական կողմ ունի. «Տարոն Մարգարյանը մի շատ վատ հատկություն ունի, նա կուսակցական է, որ հիշում ես, որ ՀՀԿ-ական է, վարկաբեկված, արդեն տխրում ես։ Դա մեծ թերություն է, մնացածի հետ կարելի է պայքարել։ Վատ բան չեմ տեսել, քաղաքը շնորհքի է եկել»։


Հարցին, թե ինչու չի ցանկանում ընդգրկվել Երևանի ավագանիում, դերասանը պատասխանեց. «Ընդհանրապես ես պետական մարդ չեմ, ավագանին պետական ստրուկտուրա է, իսկ ես պետականում աշխատել եմ չաշխատել։ Գնամ այնտեղ որպես ի՞նչ, սպիտակ ագռա՞վ, գնամ ասեմ՝ էս բանը լավ չեք սարքե՞լ»։


Անդրադառնալով ստեղծագործական միություններում բարձրացված աղմուկին՝ գրողներ, կոմպոզիտորներ, Սերգեյ Դանիելյանը նշեց, թե դրանք անիմաստ կառույցներ են։ «Կփակեի սաղին, չորտվի մատերի, ոչ մեկին էլ փող չէի տա։ Ամեն ինչ անում են, աղմուկ են բարձրացնում, հոտ հանում, իրար տակ փորում, կռիսանոցներ են»,- նշեց նա։