Երևանում երիտասարդության դաստիարակության հարցերով գիտաժողով է անցկացվել

14:24 • 25.10.13

«Դինամո» մարզահամալիրում այսօր տեղի է ունեցել գիտաժողով «Անչափահասների շրջանում արատավոր երևույթների և փողոցային բարքերի դեմ պայքարի կարևորությունը օրինակելի զինվոր և քաղաքացի պատրաստելու գործում» թեմայով, այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Գիտաժողովին զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարարության, ոստիկանության, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, զինղեկներ, մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներ:

Վերջիններս իրենց ելույթներում ներկայացրել են այն աշխատանքները, որ կատարում են մատաղ սերնդի բարոյահոգեբանական դաստիարակության ուղղությամբ:

Մասնավորապես, մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչները կարևորել են ֆիզիկական պատրաստության դերը երիտասարդության դաստիարակության գործում` նշելով, որ պատանիներին տալով ֆիզիկական պատրաստության որակներ, նրանց զերծ են պահում արատավոր շատ երևույթներից` Հայոց բանակի համար պատրաստելով ֆիզիկապես և հոգեպես ամուր զինվորներ:

Ելույթ ունեցողները շեշտել են նաև համակարգված և հետևողական համագործակցությունը, երիտասարդության հայրենասիրական դաստիարակության գործում:

Գիտաժողովը կազմակերպել էր ՀՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության, Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնը և «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության աջակցությամբ: