Նորվեգիան հրաժարվել է Սիրիայի քիմիական զենքն իր տարածքում ոչնչացնել
Նորվեգիայի իշխանությունները չեն պատրաստվում սիրիական քիմիական զենքը ոչնչացնել իրենց երկրի տարածքում, ինչպես նախկինում ենթադրում էր ՄԱԿ-ը, հայտնում է rosbalt.ru-ն՝ վկայակոչելով France Presse-ին։
Համաձայն սեպտեմբերին ընդունված որոշման՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշել է «լիազորել անդամ պետություններին ստանալ, ղեկավարել, տեղափոխել, փոխանցել և ոչնչացնել» Սիրիայի քիմիական զենքը։
Նախօրեին Նորվեգիայի արտգործնախարար Բերգե Բրենդեն հայտնել էր, որ նորվեգական իշխանությունները մանրամասն ուսումնասիրում են թագավորության տարածքում սիրիական քիմիական զենքի ոչնչացման հնարավորությունը։
«Մենք բավական լուրջ ենք մոտեցել ստացված առաջարկին, սակայն շատ հարցեր պարզաբանման կարիք ունեն։ Եթե խոսքը թունավոր նյութերով հրթիռային մարտագլխիկների մասին է, ապա հարկ է, որ դրանք ոչնչացվեն Սիրիայում»,- ասել է Բրենդեն։
«Իսկ եթե մենք խոսում ենք նյարդակաթվածային գազերի և դրանց բաղադրիչների մասին, ապա դրանք, մենք հույս ունենք, կհաջողվի դուրս բերել երկրից հետագա չեզոքացման համար։ Տեսականորեն դա կարելի է անել Նորվեգիայի տարածքում, սակայն կան մի շարք բարդություններ՝ կապված ազգային օրենսդրության առանձնահատկությունների և նման հանձնարարության կատարման համար վայրի ընտրության անհրաժեշտության հետ։ Մինչդեռ Նորվեգիան չունի համապատասխան փորձ և անհրաժեշտ սարքավորումներ»,- ավելացրել է արտգործնախարարը։










