Ռուսաստանի դեմ լրտեսության տվյալները չեն անդրադառնա ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վրա. Լավրով

15:40 • 25.10.13

Ռուսաստանի դեմ հետախուզական գործունեության տվյալները, որոնց, ԶԼՄ-ների հաղորդմամբ, տիրապետում է ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, չեն անդրադառնա Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների վրա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է Взгляд-ը:

 

«Հարաբերությունները երբեք չեն դադարում»,- ասել է Լավրովը: Նա հասկացրել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակցի շուրջ ստեղծված իրավիճակն արդիական չէ ռուսական կողմի համար: «Մենք արդեն արտահայտել ենք Սնոուդենի հետ կապված մեր դիրքորոշումը և դրանով ամեն ինչ ասել»,- ասել է նա:

 

Washington Post թերթը հաղորդել է, որ Սնոուդենի մոտ կան 30 հազար փաստաթղթեր: Այդ փաստաթղթերի մեջ կան նյութեր, որոնք ապացուցում են այն փաստը, որ ՆԱՏՕ-ի երկրներից մեկը Ռուսաստանի մասին հետախուզական նյութեր է հավաքել՝ այնուհետ դրանք ԱՄՆ-ին փոխանցելու համար: Փաստաթղթերը նաև տեղեկություններ են պարունակում Իրանում և Չինաստանում տվյալների հավաքագրման մասին: