Սերժ Սարգսյանը դիմել է Մաքսային միության երկրների նախագահներին՝ համաձայնագիրն արագ վավերացնելու համար
Հայաստանի՝ Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին անդամակցելու «ճանապարհային քարտեզը» պետք է պատրաստ լինի մինչ Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի դեկտեմբերյան նիստը. ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, այդ մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը։
«Հայաստանի վերաբերյալ կոնկրետ որոշում է կայացվել՝ աշխատանքային խումբը պետք է սկսի աշխատանքը, և «ճանապարհային քարտեզն» ու առաջին արդյունքները պետք է ներկայացվեն Մոսկվայում դեկտեմբերին կայանալիք նիստի ընթացքում»,-ասել է նա։
Շուվալովը հավելել է, որ Հայաստանը խոստացել է մի քանի ամիսների ընթացքում ընդունել Մաքսային միություն մտնելու համար անհրաժեշտ իրավանորմատիվային բազան։
«Հայաստանի նախագահը դիմել է Մաքսային միության երկրների նախագահներին, որպեսզի հնարավորինս շուտ հնարավորություն տան համաձայնագիրը վավերացնելու»,-ասել է ՌԴ կառավարության ղեկավարի տեղակալը։
Սակայն նա նշել է, որ որոշում է կայացվել ժամկետները սահմանել առանց արագացնող գործընթացների, «որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ինչ-որ մեկն արհեստականորեն Հայաստանին մտցնում է Մաքսային միություն»։
Շուվալովը նաև չի բացառել, որ Հայաստանի անդամակցումը կարող է տեղի ունենալ երկու փուլով՝ Մաքսային միություն, ապա՝ Եվրասիական տնտեսական տարածք։










