Վոլոդյա Ավետիսյանին ազատելու պահանջով ազատամարտիկները նամակ փոխանցեցին գլխավոր դատախազություն (տեսանյութ)

14:03 • 25.10.13

«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խումբն այսօր նամակ հանձնեց ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով ազատ արձակել ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ Վոլոդյա Ավետիսյանին և արդար վճիռ կայացնել:

Նախաձեռնության ղեկավար Գագիկ Սարուխանյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնելով պահանջը՝ ասաց. «Վոլոդյա Ավետիսյանը մի ազնիվ սպա էր, որը դուրս էր եկել փողոց և ասում էր՝ բավական է, լուծեք այս հարցը: Մենք այսօր պահանջում ենք դատախազից ապահովել օրինականությունը երկրում և անմիջապես ազատ արձակել Վոլոդյա Ավետիսյանին»:

Թե ինչ ակնկալիքներ ունեն ազատամարտիկներն այդ նամակից, Գագիկ Սարուխանյանը պատասխանեց. «Մի մարդ, ով իր երկրում արդարության համար պայքարի է մղվում, ակնկալիքներ ունի օրինական երկիր ստեղծելու համար, մեր ակնկալիքներն այդքան են»:

Վերջինիս փոխանցմամբ՝ նամակի տակ կա վեց-յոթ ստորագրություն, բայց այդ պահանջի համար 700 ստորագրություն է հավաքվել, որը ներկայացրել էին Վերաքննիչ դատարան, սակայն դատարանն անտեսել է այդ փաստը. «Մենք չենք ուզում այդ 700 ստորագրության պատճենները ներկայացնել այստեղ, մենք դա ներկայացրել ենք Վերաքննիչ դատարան, երբ պահանջում և խնդրում էին դատավորից Ավետիսյանին գոնե գրավով բաց թողնել: Այդ 700 ստորագրությունը հավաստիացնում էր, որ նա չի խոչընդոտի քննությանը, չի կատարի նոր հանցագործություն: Այնտեղ ԱԺ պատգամավորի ստորագրություն էլ կար, կային ազատամարտիկների, քաղաքացիների ստորագրություններ, բայց դրանք անտեսվեցին: Եվ մենք հիմա դադարեցրել ենք ստորագրահավաքը, քանի որ եթե պատկան մարմինները կարող են անհարգանք ցուցաբերել 700 ստորագրության նկատմամբ, նրանք նույն վերաբերմունքը կցուցաբերեն նաև 2000 և ավելի ստորագրությունների նկատմամբ»:

Նամակը հանձնելուց հետո ազատամարտիկները երթով շարժվեցին դեպի կառավարության շենքը, որտեղ նախաձեռնության ղեկավարը հայտարարեց. «Այս ակցիաները շարունակական են լինելու, մենք այսօր պայքարում ենք մեր օրինական երկիրն ունենալու համար, և մենք ընդամենն ուզում էինք տեղյակ պահել վարչապետին ու կառավարությանը, որ չենք լռելու»:

Կառավարության դիմացից ազատամարտիկները իրազեկման ակցիա նախաձեռնեցին՝ քաղաքացիներին իրենց պահանջների մասին տեղեկացնելու նպատակով:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը կասկածվում է խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ. Զաքարյանից 2000 ԱՄՆ դոլար հափշտակելու մեջ: Մի խումբ ազատամարտիկների գնահատմամբ՝ գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ հետապնդում է իրականացվում իր ծավալած պայքարի համար: 

Օրեր առաջ փաստաբանը հայտարարել էր, որ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել, որը կարող է զրկել նրան համաներումից: