Զեյնալովին գտնելու հարցում ռուսական ոստիկանությանն օգնած քաղաքացիները պարգևավճարներ են ստացել
Մոսկվայում 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանության համար մեղադրվող ադրբեջանցի Օրհան Զեյնալովին գտնելու հարցում ոստիկանությանն օգնած քաղաքացիները ստացել են խոստացված 1 մլն ռուբլի պարգևավճարը։
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ ՆԳՆ Մոսկվայի վարչության մամուլի ծառայությունը։
«Այսօր վարչության ղեկավար Անատոլի Յակուլինը շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, որոնք համագործակցել են ոստիկանության աշխատակիցների հետ և նրանց տվել խոստացված 1 մլն ռուբլի պարգևավճարը»,-տեղեկացրել է ոստիկանության ներկայացուցիչը։
Հոկտեմբերի 10-ին Մոսկվայի Բիրյուլևո շրջանում դանակահարվել էր 25-ամյա Եգոր Շչերբակովը։ Հոկտեմբերի 13-ին տեղի բնակիչները բողոքի ակցիաներ էին կազմակերպել՝ պահանջելով գտնել և պատժել հանցագործին։
Կասկածյալ Օրհան Զեյնալովը ձերբակալվել էր հոկտեմբերի 15-ին, իսկ հոկտեմբերի 18-ին նրան պաշտոնական մեղադրանք էր ներկայացվել։










