ՀՀՇ համագումարն ընտրեց վարչության կազմը, որն էլ հոկտեմբերի 28-ին կընտրի ղեկավար կազմ
«Հայ ազգային շարժում» կուսակցության հիմնադիր համագումարն այսօր ամփոփեց իր աշխատանքները, հաստատվեցին ծրագիրն ու կանոնադրությունը, սակայն ղեկավար կազմ այդպես էլ չընտրվեց, փոխարենը քվեարկությամբ հաստատվեց վարչության կազմը՝ 14 անդամ՝ Արատ Զուրաբյան, Ալեքսանդր Արզումանյան, Կարապետ Ռուբինյան, Հովհաննես Իգիթյան, Կարեն Կարապետյան և այլոք։ Ներկայացված կազմից Հրաչ Հակոբյանն ինքնաբացարկ էր հայտարարել։
Վարչության կազմը հաստատելու համար քվեարկությանը մասնակցել էր կուսակցության 211 անդամ։
Համագումարը վարող Արարատ Զուրաբյանը նշեց, որ հոկտեմբերի 28-ին տեղի կունենա ՀՀՇ վարչության անդրանիկ նիստը, որ ժամանակ էլ կընտրվեն ղեկավար կազմը, վարչության նախագահ, խորհրդի նախագահ, տեղակալներ։
«Շնորհավորում եմ բոլորին, նիստը համարում եմ փակված»,- եզրափակեց նա։
Կուսակցականները բուռն ծափահարություններով արձագանքեցին և ապա հեռացան։










