Վրաստանի նախագահի նստավայրի մոտ «երախտագիտության ակցիա» է տեղի ունեցել

13:11 • 26.10.13

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նստավայրի մոտ՝ Թբիլիսիի Հավլաբար թաղամասում, մոտ 200 մարդ նախօրեին մասնակցել է «Ցտեսություն, պարոն նախագահ» ակցիային, գրում է apsny.ge-ն:

 

Ակցիայի նպատակը, որն անցկացվել է նախագահական ընտրություններից երկու օր առաջ, Սաակաշվիլուն շնորհակալություն հայտնելն է եղել և միջազգային հանրությանը ցույց տալը, որ Վրաստանի քաղաքացիները գնահատում են առաջընթացը, որը Վրաստանը գրանցել է Սաակաշվիլու նախագահության տարիներին:

 

«Չնայած որ շատ սխալներ են եղել, որոնք նա նույնպես ընդունում է, մենք համարում ենք, որ այս 9 տարիները մեզ համար ոսկեդար են եղել»,- լրագրողներին ասել է «Հայրենասերներ» շարժման առաջնորդ Գիորգի Մազմանիանին:

 

Նրա խոսքով՝ վերջին շաբաթվա ընթացքում Միխեիլ Սաակաշվիլուն ռեստորանների դիմաց որոշակի մարդկանց խումբ է դիմավորում բողոքի ակցիաներով, և պարզ չէ՝ «ինչո՞ւ նրանք չեն հետապնդում ներկայիս կառավարությանը, գոնե այն պատճառով, որ բնակչությունն աղքատության մեջ է, իսկ բանտերում մարդիկ են մահանում նաև այսօր»: