Պակիստանի հետ սահմանին 14 իրանցի սահմանապահ է զոհվել
Իրանա-պակիստանյան սահմանին լույս շաբաթ 14 իրանցի սահմանապահ է զոհվել, հայտնում է lenta.ru-ն՝ Agence France-Presse-ին հղումով։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Սարավան քաղաքի մոտակայքում սահմանապահները փոխհրաձգության մեջ են մտել անհայտ անձանց հետ, որոնց իրանական լրատվամիջոցները բնորոշում են որպես հանցագործ կամ ապստամբ։ Զինված միջադեպի հետևանքով 14 սահմանապահ զոհվել է, 5-ը՝ ստացել վնասվածքներ։ Միջադեպի երկրորդ կողմի կորուստների մասին դեռ չի հաղորդվում։
Իրանին սահմանամերձ Պակիստանի արևելյան հատվածը հայտնի է նրանով, որ այնտեղ ՆԱՏՕ-ի ուժերից թաքնվում են «Թալիբան» շարժման բազմաթիվ գրոհայիններ։ Նրանք պարբերաբար ահաբեկչություններ են իրականացնում Պակիստանի տարածքում, ինչպես նաև հարձակումներ գործում հարևան երկրների զինվորականների վրա։










