Սան Պաուլոյում հարյուրավոր մարդիկ տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ անկարգություններ են կազմակերպել
Սան Պաուլո քաղաքի (Բրազիլիա) խոշոր ավտոկայանում հարյուրավոր ցուցարարներ անկարգություններ են կազմակերպել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով BBC-ին:
Անկարգությունների առիթ է դարձել ուղևորափոխադրումների սակագների բարձրացումը: Անկարգություններին նախորդել են ցույցերը՝ հասարակական տրանսպորտով անվճար երթևեկելու պահանջով:
Ցուցարարները (ենթադրաբար անարխիստական կազմակերպության անդամներ) վառել են ավտոբուսներից մեկը, կոտրել ավտոկայանում գտնվող բանկոմատները:
Ամբոխը ցրելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել և ձերբակալել ակցիայի մի քանի մասնակցի:
Ամռանը Բրազիլիայի խոշոր քաղաքներում հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ զանգվածային ցույցեր են տեղի ունեցել:










