ԱՄՆ-ում ոստիկանը կրակ է բացել խաղաղ կանգնած տղամարդու վրա, ով տառապում էր շիզոֆրենիայով
Ամերիկյան Դալլասի ոստիկանության սպա Կարդեն Սփենսերը կրակ է բացել Բոբբի Բեննեթի վրա՝ նշելով, որ վերջինս դանակով հարձակվել է իր վրա: Սակայն տեսախցիկներից ստացված տեսանյութում երևում է, որ շիզոֆրենիայով տառապող 52-ամյա տղամարդը հանգիստ կանգնած էր 6 մետր հեռավորության վրա, երբ 2 ոստիկաններից մեկը կրակում է նրա ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով Daily News-ին:
Բեննեթը փողոցում նստած էր անվասայլակի վրա, երբ ժամանել էին 2 ոստիկանները: Բեննեթի մայրը նրանց կանչել էր որդու հետ ունեցած վեճից հետո: Տեսախցիկի նկարած կադրերում երևում է, որ Բեննեթը բարձրանում է անվասայլակից և մոտ 6 մետր տարածությունից սկսում է ուշադիր նայել ոստիկաններին: 5 վայրկյան հետո ոստիկանները կրակ են բացում, ինչի արդյունքում տղամարդը ծանր վիրավորվում է և ընկնում մայթեզրին:
Ականատեսները պնդում են, որ Բեննեթը լսել էր ոստիկանների հրահանգները և չէր շարժվում տեղից: Սակայն Սփենսորի փաստաբանը հայտարարել է, որ ոստիկանների գործողություններն արդարացված էին, իսկ տուժածն իրեն ագրեսիվ էր պահում՝ սպառնալով դանակով:










