Հին ՀՀՇ-ն՝ նոր ՀՀՇ-ի դեմ. Օրենքներ են խախտվել

22:07 • 28.10.13

ԶԼՄ-ներն այսօր տեղեկատվություն են տարածել, թե կայացել է «Հայոց Համազգային Շարժում» կուսակցության վարչության անդրանիկ նիստը: Արարատ Զուրաբյանն ընտրվել է ՀՀՇ վարչության նախագահ, Ալեքսանդր Արզումանյանը՝ ՀՀՇ հանրապետական խորհրդի նախագահ, Կարեն Կարապետյանը՝ ՀՀՇ գործադիր քարտուղար:

 

Այդ կապակցությամբ «Հայոց Համազգային Շարժում» հասարակական կազմակերպությունը («ՀՀՇ») հայտարարություն է տարածել, որում ՀՀ օրենքների կոպիտ խախտում է համարում կատարվածը, քանի որ «համագումարի փաստաթղթերում օգտագործվել են «Հայոց Համազգային Շարժում» անվանումը, ՀՀՇ հապավումը և ՀՀՇ հ/կ-ին պատկանող խորհրդանշանը»»:

 

Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է. «2013թ.-ի փետրվար–մարտ ամիսներին «Հայոց Համազգային Շարժում» կուսակցության վերանվանման արդյունքում «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը ձևավորվելուց հետո ՀՀՇ մի խումբ հիմնադիր անդամներ դիմել են ՀԱԿ կուսակցությանը` որպես ՀՀՇ-ի իրավահաջորդի, ստանալով վերջինիս համաձայնությունը «Հայոց Համազգային Շարժում» հասարակական կազմակերպություն հիմնադրելու հարցում:

 

«Հայոց Համազգային Շարժում» հ/կ-ն (հապավումը` «ՀՀՇ») գրանցված է ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից 26.03.2013թ.-ին (գրանցման համար` 211.171.760952): Որպես ՀՀՇ հ/կ-ի խորհրդանշան պետական գրանցում է ստացել նաև անվանափոխված ՀՀՇ կուսակցության` բոլորին հայտնի խորհրդանշանը:

 

2013թ.-ի հոտեմբերի 26-ին տեղի ունեցած այսպես կոչված՝ Հայոց Համազգային Շարժում կուսակցության հիմնադիր համագումարի` զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեսա և ֆոտո նյութերից ակնհայտ է դառնում, որ խախտվել են «Կուսակցությունների մասին» և «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքների պահանջները, մասնավորապես՝

ա) «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Կուսակցության անվանումը և դրա հապավումը պետք է տարբերվեն արդեն իսկ գործող կուսակցությունների ու այլ հասարակական միավորումների ... անվանումներից և դրանց հապավումներից»: «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է. «Կազմակերպության անվանումը, կրճատ անվանումը (անվանման հապավումը) ... պետք է ... տարբերվեն այլ կազմակերպության ... ու այլ իրավաբանական անձանց անվանումներից, կրճատ անվանումներից (անվանման հապավումներից) ... և շփոթության աստիճանի նման չլինեն դրանց»:

 

բ) «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Որպես կուսակցության խորհրդանշան և այլ խորհրդանիշներ չեն կարող օգտագործվել գործող կուսակցությունների ու այլ հասարակական միավորումների ... խորհրդանշանները և խորհրդանիշները»: «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է. «Կազմակերպության ... խորհրդանիշները, եթե վերջիններս նախատեսված են, պետք է ... տարբերվեն այլ կազմակերպության ... ու այլ իրավաբանական անձանց ... խորհրդանիշներից և շփոթության աստիճանի նման չլինեն դրանց»:

 

Արձանագրում ենք, որ վերը հիշատակված 2013թ.-ի հոտեմբերի 26-ի համագումարի փաստաթղթերում օգտագործվել են «Հայոց Համազգային Շարժում» անվանումը, ՀՀՇ հապավումը և ՀՀՇ հ/կ-ին պատկանող խորհրդանշանը, ինչը «Կուսակցությունների մասին» և «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքների կոպիտ խախտում է:

 

ՈՒստի պետական գրանցում իրականացնող համապատասխան իրավասու մարմիններից պահանջում ենք հետևել օրենսդրության պահանջներին և թույլ չտալ ՀՀՇ հ/կ անվանման, անվան հապավման և խորհրդանշանի յուրացման փորձը:

 

Միևնույն ժամանակ՝ հիշեցնում ենք զանգվածային լրատվության բոլոր միջոցներին, որ բացի ՀՀՇ հ/կ-ից այլ կազմակերպությունների կողմից «Հայոց Համազգային Շարժում» անվամբ հանդես գալը, ինչպես նաև՝ ՀՀՇ-ի խորհրդանշանի օգտագործումը ինքնակոչության դրսևորում է: ՈՒստի խնդրում ենք ձեր հրապարակումներում և հաղորդագրություններում օրենքի խախտմամբ չօգտագործել «Հայոց Համազգային Շարժում» անվանումը, «ՀՀՇ» հապավումը և ՀՀՇ խորհրդանշանը»: