Աֆրիկայում մոտ 30 փախստականներ մահացել են ծարավից՝ փորձելով անցնել Սահարա անապատը
Մի քանի տասնյակ աֆրիկացի փախստականներ ծարավից մահացել են Նիգերի տարածքում, երբ փորձում էին անցնել Սահարա անապատը: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով տեղական իշխանություններին:
Նիգերի հյուսիսում գտնվող Ագադես քաղաքի ղեկավարը նշում է, որ 60 աֆրիկացիներից 35-ը մահացել են, երբ ուղևորվում էին դեպի Ալժիր, որտեղից պետք է տեղափոխվեին Եվրոպա:
Մի քանի օր առաջ փախստականները 2 մեքենայով որոշել են անցնել Սահարան, սակայն ճանապարհին մեքենաներից մեկը շարքից դուրս է եկել: Դրանից հետո ուղևորներն սկսել են որոնել կորած պահեստամասերը: Նրանցից 5-ին հաջողվել է հասնել Արլիտ, սակայն զինվորականները և փրկարարները չեն հասցրել ժամանակին դեպքի վայր ժամանել:










