4-րդ կայազորային բաժնի քննիչ Գևորգ Բարսեղյանը մեղադրվում է ազգականի գույքը յուրացնելու համար

14:22 • 28.10.13

Զինվորական դատախազության 4-րդ կայազորային բաժնի քննիչ Գևորգ Բարսեղյանը յուրացրել է հեռավոր ազգականների կողմից իրեն հանձնված գույքի մի մասը և տասը տարի շարունակ վարձակալության հանձնել իրեն վստահված բնակարանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քննիչին այս հանցանքների մեջ մեղադրող քույր և եղբայր Ջուլիետա և Ռազմիկ Դավթյանների փաստաբան Ժաննա Օհանյանը: 

 

Նա պատմեց, որ դեռևս 1997թ.-ին Դավթյանները մեկնել են Բելառուս և բնակարանն իր գույքով և մի շարք թանկարժեք պարագաներով՝ հավաքած տան մեկ սենյակում, ի պահ են հանձնել Գևորգ Բարսեղյանին: 2009-ին վերադառնալով հայրենիք՝ Դավթյանները հայտնաբերում են տունը թալանված վիճակում, կոտրված, մաշված իրեր, արժեքավոր որոշ իրերն էլ՝ անհետացած: Կարճ ժամանակ անց նրանք պարզում են նաև, որ բնակարանը տասը տարի շարունակ տարբեր մարդկանց վարձակալության է հանձնվել:

 


Ըստ փաստաբանի՝ քննիչ Բարսեղյանը Դավթյանների բնակարանից վարձակալության միջոցով ստանալով շուրջ 3 մլն 600 հազար դրամ՝ սեփականատերերին նաև հասցրել է 295.000 դրամի միայն գույքային վնաս:

 

Փաստաբանն ընդգծեց, որ ներկայումս գործը ընթանում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանում:

 

«Քննության ընթացքում թեև դատավորն ամեն կերպ աշխատում էր այս մարդկանց իրավունքները պաշտպանել, սակայն վնասի հատուցման հայցադիմումը մերժվում է հետևյալ պատճառաբանությամբ՝ իմ վստահորդները չեն ներկայացրել վարձակալության պայմանագիր, բայց որտեղի՞ց ներկայացնեն, եթե նման պայմանագիր չի եղել: Նրանք ի պահ են հանձնել բնակարանը բարեկամին, իսկ բարեկամը վարձակալության է հանձնել: Բայց մենք դիմել ենք նաև վնասի հատուցման համար: Վճռով մերժվում է վնասի հատուցումը, սակայն դատավոր Մկրտչյանը վճռում նշել է բոլոր անհրաժեշտ ապացույցները»,-ասաց փաստաբանը:

 

Փաստաբանը զարմանալի համարեց այն, որ թեև Գևորգ Բարսեղյանը երբևէ չի հերքել, որ ինքը առանց բնակարանի սեփականատերերին հարցնելու բնակարանը վարձով է տվել, որ որոշ իրեր բնակարանից պակասում են, սակայն Դավթյանները դատարան դիմելիս հանդիպում են «պատի»:

 

«Իսկ այդ պատնեշը այն հանգամանքն է, որ նա 4-րդ կայազորային բաժնի քննիչ է, և համապատասխանաբար իրավապահ մարմինները հանցագործությունը թաքցնում են»,-ասաց նա:

 

Դավթյանները զգուշացրին, որ սույն գործով գնալու են մինչև վերջ: