Փոթորկի պատճառով վերամբարձ կռունկն ընկել է Մեծ Բրիտանիայի կառավարության շենքի վրա
«Սուրբ Հուդա» փոթորկի պատճառով, որն ավերածություններ է առաջացրել Հյուսիսային և Արևմտյան Եվրոպայում, վերամբարձ կռունկն ընկել է Լոնդոնի Վեսթմինսթեր շրջանում գտնվող Մեծ Բրիտանիայի կառավարության շենքի վրա, գրում է rbc.ru-ն՝ հղում անելով The Independent-ին:
Կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ դեպքի հետևանքով ոչ ոք չի մահացել և չի տուժել: Աշխատակիցները ժամանակավորապես տարհանվել են շենքից:
Այսօր հայտնի է դարձել Մեծ Բրիտանիայում փոթորկի հետևանքով առաջին զոհերի մասին: Անգլիայի հարավ-արևելքում գտնվող Էդենբրիջ քաղաքում ուժեղ քամու հետևանքով ծառն ընկել է բնակելի տան վրա, որտեղ այդ ժամանակ գտնվել է 14-ամյա մի աղջիկ, ով մահացել է:
Երկրորդ դեպքը տեղի է ունեցել Ուոթֆորդ քաղաքում՝ 50-ամյա բրիտանացու ավտոմեքենան նույնպես հայտնվել է ընկած ծառի տակ: Բացի այդ, շարունակում է անհայտ մնալ 14 տարեկան անչափահասի ճակատագիրը, ում Արևելյան Սասեքսի ծովափում ալիքները քշել են ծով:










