Գերմանիայում 80 տարեկանում մահացել է շաուրման «ստեղծած» թուրք ներգաղթյալը

13:44 • 28.10.13

Գերմանիայում 80 տարեկանում մահացել է թուրք ներգաղթյալը, ով 40 տարի առաջ Արևմտյան Բեռլինի իր խանութի տաղավարում «ստեղծել է» պտտվող շաուրման, գրում է The Daily Mail-ը:

 

Քադիր Նուրմանը, ով համարվում է հայտնի ֆասթֆուդի ստեղծողը, բացել էր իր տաղավարը 1972 թվականին, գնացքի կայարանում: Նա պատմել էր, որ նկատել էր քաղաքի կյանքի արագ տեմպը և հասկացել, որ զբաղված բեռլինցիներին կարող է դուր գալ ուտելիքը, որը կարող են ուտել ոտքի վրա:

 

Այժմ շաուրման սիրված ուտելիք է ողջ աշխարհում՝ հատկապես ուսանողների և գիշերային կյանքի սիրահարների շրջանում:

 

Նուրմանի ներդրումը 2011 թվականին ճանաչվել է Turkish Doner Manufacturers ասոցիացիայի կողմից:

 

Քանի որ նա չի արտոնագրել իր հայտնագործությունը, շահույթ չի ստացել շաուրմայի հետագա հաջողություններից:


Այնուամենայնիվ, 2011 թվականին գերմանական Frankfurter Rundschau-ին տված հարցազրույցում Նուրմանն ասել է, որ երջանիկ է, որ միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում ուտում են ֆասթֆուդը:


Այժմ Գերմանիայում 15.000-ից ավելի շաուրմայի տաղավար կա, առնվազն 1000-ը՝ միայն Բեռլինում: