Անհրաժեշտ է ԵԱՀԿ-ի բարեփոխում իրականացնել. ՌԴ արտգործնախարար

14:49 • 28.10.13

Մոսկվան անհրաժեշտ է համարում ԵԱՀԿ-ում բարեփոխումների իրականացումը։ Ըստ ռուսական կողմի՝ հարկավոր է  կարգի բերել ընտրությունների մոնիթորինգի հարցում կազմակերպության աշխատանքը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է ria.ru-ն:

 

«Հասունացել է ԵԱՀԿ-ի բարեփոխումների, արդիականացման թեման՝ ի շահ գործունեության երեք ուղղություններին առավել հավասարակշիռ մոտեցման՝ համաձայն Հելսինկյան եզրափակիչ ակտի, ԵԱՀԿ-ի գագաթնաժողովների  որոշումների շրջանակներում հաստատված սկզբունքների»,- ասել է նա երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

 

«Եկել է ժամանակն առավել ակտիվ զբաղվելու ընտրությունների մոնիթորինգի հարցում ԵԱՀԿ-ի աշխատանքների կազմակերպման կարգի բերմամբ»,- ասել է Լավրովը:

 

«Հելսինկի + 40» գործընթացն ուղղված է ԵԱՀԿ-ի բարեփոխումներին և նվիրված 2015 թվականին Հելսինկյան եզրափակիչ ակտի 40-ամյակին: