Սիբիրյան խոցի նոր դեպք է արձանագրվել

11:41 • 28.10.13

Ձեռքի վերքերի գանգատով հոկտեմբերի 26-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է դիմել հիվանդ «սիբիրյան խոց (մաշկային ձև)» նախնական ախտորոշումով: Կազմակերպված լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշումը հաստատվել է: Հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է միջին ծանրության, կազմակերպված անհրաժեշտ բուժման արդյունքում արձանագրվել է առողջացման դրական տեղաշարժ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության մամլո ծառայությունից: 


Վարակի աղբյուրի պարզաբանման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության մասնագետները ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների հետ համատեղ ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ։ Արդյունքում պարզվել է, որ վարակի հավանական աղբյուրը վարակված մսեղիքի օգտագործումն է:

 

Նախարարության հաղորդագրության մեջ ասվում է,  որ հիվանդության տեղայնացման և հնարավոր հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով կազմակերպվել և շարունակվում են իրականացվել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ՝

 

- կասկածելի այլ հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով ձեռնարկված միջոցառումների արդյունքում ներկայումս կասկածելի հիվանդներ չեն հայտնաբերվել,


- որպես վարակի հավանական աղբյուր առգրավվել է մսեղքը,


- կազմակերպվել են ախտահանման աշխատանքներ:

 

Աշխատանքները շարունակվում են։