Փակ շուկայի «պաշտպանները» փակեցին շուկայի մուտքը Նախախորհրդարանի անդամների առջև (տեսանյութ)
Փակ շուկայի համար շարունակվող բողոքի հերթական ակցիային այսօր շուկան որպես սուպերմարկետ գործելու կողմնակիցները թույլ չտվեցին Նախախորհրդարանի երեք անդամներին լրագրողների և ոստիկանների ուղեկցությամբ մտնել շուկա:
Կանայք փակեցին շուկայի մուտքը, իսկ տղամարդիկ շուկա մտնել ցանկացողներին, որոնց ուղեկցում էին ոստիկաններ և լրագրողներ, հրեցին դեպի փողոց:
«Մեր դիմաց կանգնած օլիգարխի վարձկանները հարձակվեցին մեզ վրա, իսկ ոստիկանները ոչ միայն չկանխեցին դա, այլ նրանց հետ միասին թույլ չտվեցին մեզ մտնել հանրային օբյեկտ»,-հայտարարեց Նախախորհրդարանի անդամ Գարեգին Չուքասզյանը:
Նշենք, որ ակտիվիստները նախապես խնդրեցին ոստիկաններին շուկա մտնելու համար պահպանել իրենց անվտանգությունը, սակայն կարծես թե դա նրանց չհաջողվեց, քանի որ նրանց ընդդիմացող մարդկանց խումբն ուղղակի հրմշտոցով դեմ դուրս եկավ:
«Պաշտպանների» թևից այսօր ակտիվիստների հասցեին հնչեցին բազմաթիվ հայհոյանքներ: Նրանց շարքերում մի քանի տղամարդիկ էլ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրին, կանայք ևս ետ չէին մնում նրանցից:
Սուրեն Սուրենյանցը, ով վարում է շուկայի «պաշտպանների» ցույցը, բարձրախոսով մի քանի անգամ ակտիվիստներին անվանեց տականքներ, դեղին գլխարկավոր առնետներ, գրանտակերներ և այլն:
Վերջինս լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենք պատրաստվում են շուտով «մաքրել քաղաքը դեղին գլխարկավորներից» և դա անելու են ավելի կամ ցախավելի միջոցով՝ ավլելով նրանց:










