ՄՄ-ին անդամակցումը միայն անվտանգության երաշխիք չէ, երկուստեք կան այլ հետաքրքրություններ. Սեյրան Օհանյան

18:30 • 28.10.13

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հավատացնում է, որ Մաքսային միությանն անդամակցելով` Հայաստանի համար միմիայն անվտանգության երաշխիքներ չեն ապահովվի։

 

«Եթե մենք լուրջ ուսումնասիրենք պայմանագրաիրավային համակարգը, որը գոյություն ունի մեր ռազմավարական գործընկերների, նաև ՀԱՊԿ-ի հետ, կտեսնենք, որ այդ երաշխիքները կան և դրանք հետզհետե զարգանում են: Անվտանգության ապահովման գործում մենք նաև նրանց հետ համագործակցում ենք քաղաքական և ռազմական առումով: Նոր երաշխիքներ կան, որովհետև մենք այս տարի ռազմատեխնիկական համագործակցության զարգացման համաձայնագիր, պլան մշակեցինք ՌԴ-ի հետ, որը հնարավորություն է տալիս ոչ թե պահպանել, այլ՝ զարգացնել համագործակցությունը և դրանով իսկ հնարավորություն կա, որ ոչ միայն Պաշտպանության նախարարությունները, այլև՝ մեր կազմակերպություններն արդեն երկկողմ շրջանակներում կապ պահպանեն ու զարգացնեն իրենց համագործակցությունը: Հետաքրքրությունները երկուստեք են, և յուրաքանչյուր երկիր ունի իր ծրագրերը, նպատակները»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ ՄՄ փաստաթղթերի ուղղությամբ ՀՀ իշխանությունները հիմա աշխատում են:

 

«Եվ մենք այնպես կանենք, որ պայմանագրերի վերջնական ստորագրման պահին նաև մեր կարծիքները հաշվի կառնվեն»,- նշեց նա։

 

Այն դիտարկմանը, թե նախարարը ՄՄ անդամակցության ամենամեծ ջատագովներից է, Սեյրան Օհանյանն ասաց. «Ամենամեծ ջատագովներից ասելը չի նշանակում, որ Պաշտպանության նախարարն այդ քաղաքականության գագաթնակետում է կանգնած, բայց հաշվի առնելով այն, որ մենք աշխարհագրական առումով այս տարածքից այլ տեղ գնալու հնարավորություն չունենք՝ հաշվի առնելով նաև մեր անվտանգության խնդիրները ՀԱՊԿ-ի տիրույթում, կարծում եմ, ճիշտ քայլ ենք կատարել: Միգուցե ժողովրդի մոտ տեղեկատվության աստիճանը մի քիչ բարձրանա ու բացատրվի»: