Աֆիցերներին ինչքա՞ն փող եք տալիս, դու էդ ասա, մերը գրողին ըլնի. գեներալ-պատգամավորը 2014թ. բյուջեի քննարկմանը

17:03 • 28.10.13

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ԱԺ-ում ներկայացնելով «ՀՀ 2014թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված ծախսերը, որոնք վերաբերվում էին արտակարգ իրավիճակների, ոստիկանության և ազգային անվտանգության ծառայություններին՝ հայտարարեց, թե Արտակարգ իրավիճակների նախարարության ամբողջ համակարգի համար 2014-ի բյուջեով հատկացրել է 9.5 մլրդ դրամ, որը 28 տոկոսով ավելի է 2013-ի բյուջեով հատկացված ցուցանիշից:


Ըստ փոխնախարարի՝ ավելացումները հիմնականում աշխատավարձերի բարձրացմամբ ու էլեկտրաէներգիայի ծախսով է պայմանավորված:


Ոստիկանությանն ըստ նրա, 2014-ի բյուջեով նախատեսվում 34.2 մլրդ դրամ հատկացնել, որը 2013-ի համեմատ ավելի է 11%-ով: Բացի այդ, Ոստիկանության գծով կան նաև արտաբյուջետային ներդրումներ։


Ազգային անվտանգության ծառայությանը նախատեսված է 16.5 մլրդ դրամ հատկացնել, որը նախորդ տարվա հետ համեմատած ավելի է 15%-ով: Պետական պահպանության ծառայության համար բյուջեն սահմանել է 2.4 մլրդ դրամ։


Պավել Սաֆարյանը նաև հավելեց, որ 500 մլն դրամ է հատկացվել ազատամարտիկների բնակարանների համար։


«Այո՛, ազատամարտիկների բնակարանների հետ կապված մենք պահանջարկ ունենք: Նրանք, ովքեր հերթագրված են բնակարանների համար բավական մեծ գումարներ են պահանջում: Եթե կգտնենք ոլորտներ, որտեղ կարելի է կրճատել կամ եկամուտներ ավելացնել այս խնդրի լուծման հարցով, հավատացե՛ք, ես ձեր կողքին կկանգնեմ»,- նշեց փոխնախարարը:


ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների անդամ, ԱԺ ՀՀԿ-ական գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը տեղից արձագանքեց. «Աֆիցերներին ինչքա՞ն փող եք տալիս, դու էդ ասա: Մերը գրողին ըլնի, կարևորը զինվորականներ են, մեզ փող պետք չէ, իրանց ինչքա՞ն եք տալիս»:


Պավել Սաֆարյանը պատասխանեց, որ տարբեր են և սահմանված են ըստ խմբերի։ «Ոստիկանության ու ԱԱԾ-ի աշխատավարձերը հավասարեցված են, ՊՆ-ն փոքր-ինչ ավելի բարձր է: Փրկարար ծառայությունում ավելի ցածր աշխատավարձ է սահմանված, քան ոստիկանությունում և ԱԱԾ-ում, բայց ավելի բարձր է քաղծառայողներինը։ Աշխատավարձերը սահմանված են ըստ խմբերի»,- ասաց նա և մանրամասնեց, թե օրինակ գեներալական կազմը երեք ենթախումբ է պարունակում, և որ աշխատավարձերի բազան, ըստ գործակիցների, լինելու է նվազագույնը 66 հազար դրամ։


Սեյրան Սարոյանը ներկայացված կարգից ակնհայտորեն ոչինչ չհասկանալով, կրկին միջամտեց. «Ինչ թիվ պիտի չասես՝ կասես, ինչ թիվ պիտի ասես՝ չես ասի»: Պավել Սաֆարյանն ավելի հասկանալի ձևով ներկայացրեց միջին աշխատավարձը՝ նշելով, որ այն 443.000 դրամից կդառնա 609.887 դրամ: «Պահ»,- գոհ արձագանքեց գեներալ-պատգամավորը:


Հիմա էլ ընդհատեց նրան ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ով հիշեցրեց, որ աշխատավարձի բարձրացման մասին հայտարարում են այն դեպքում, երբ ԱԺ-ն օրենքն ընդունած է լինում։


Գեներալ-պատգամավորը կրկին ընդհատեց. «Այ մարդ, մենք հարցրինք, էս մարդին շա՞ռ եք անում»։


Շարմազանովը փորձեց մեղմել իրավիճակը, թե հարցնում է, որ հրապարակված թիվը օրենսդրական նախաձեռնությունն ընդունելու դեպքում է լինելո՞ւ, թե՞ առանց դրա։


Փոխնախարարը նշեց, որ իրենք ամեն դեպքում փաթեթն ԱԺ ներկայացնելիս հաշվի են առել այդ հանգամանքը, և ավելացրեց, որ ԱԺ-ն եթե չընդունի հետ կտանեն։ «Բայց մենք նկատի ենք ունեցել ներկայացված փաթեթի համաձայն»,- նշեց նա։


Սեյրան Սարոյանը կրկին միջամտեց. «Քո խաթր կընդունենք, մի վախեցեք»։


Լուսանկարը՝  168.am-ի