2014թ-ի պետբյուջեն կլինի ծրագրային. Տիգրան Սարգսյան

11:55 • 28.10.13

Ազգային ժողովում այսօր կառավարությունը ԱԺ-ին ներկայացրեց 2014 թ-ի պետբյուջեի նախագիծը, որից ետո ԱԺ բոլոր հանձնաժողովները երեք օր քննարկումներից հետո պետք է ներկայացնեն պետբյուջեի վերաբերյալ առաջարկներ:


Բյուջեի նախագիծը ներկայացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, որ նշեց, թե այս տարվա բյուջեի նախագիծն ունի մի առանձնահատկություն՝ առաջին անգամ ներկայացվում ենք ծրագրային պետական բյուջեի նախագիծ։


«Սա նոր մոտեցում է: Կառավարությունն այսպիսի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկավ, ինչը, բնականաբար, լրացուցիչ պարտավորություններ է դնում բոլոր գերատեսչությունների առջև: Առաջին անգամ է այս մոտեցումով բյուջե ներկայացվում ու խնդրում ենք շատ խիստ չդատել: Մեզ երեք տարի է անհրաժեշտ լինելու ծրագրային բյուջետավորման համակարգ ներդնելու համար»,- ասաց Տիգրան Սարգսյանը:


Տիգրան Սարգսյանի խոսքով՝ կառավարության ուշադրության կենտրոնում է բիզնես միջավայրի բարելավումը: «Այստեղ ունենք չլուծված խնդիրներ, որոշ ցուցանիշներով՝ նահանջ: Պետք է լինեն մասնավոր ներդրումներ, իսկ դրանց տեսակարար կշռում ՀՆԱ-ն կայուն ձևով նվազում է»,– բացատրեց նա:


Ըստ վարչապետի՝ կառավարությանը մտահոգում է նաև շինարարության ոլորտում ստեղծված վիճակը, քանի որ այս ոլորտում կայուն նվազում է արձանագրվում։ Ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ բարձր գնաճային միջավայրն է ազդել բյուջեի տնտեսական աճի վրա, քանի որ մեր երկրում զգալիորեն բարձրացել են գազի և էլեկտրաէներգիայի գները, որոնք ազդեցություն ունեցան խոստացվածից ցածր տնտեսական աճի վրա:


Տիգրան Սարգսյանը նշեց, որ արդյունաբերության մեջ աճի տեմպերն են բարձր, մշակվող արդյունաբերությունը ևս բարձր աճի տեմպեր է գրանցել, գյուղատնտեսությունում ևս տնտեսական աճի բարձր ցուցանիշներ են ակնկալվում:


«Ներկայացնում ենք պետական բյուջե, որ չի նախատեսում հարկային վարչարարության բեռի ավելացում: Ինչո՞ւ ենք ընդունել այս քաղաքական որոշումը, քանի որ այս տարի այդ առումով բավականին մեծ ծավալի միջոցառումներ են իրականացվել, և վարչարարությունը խստացվել է ու բիզնես միջավայրի վրա բացասական ազդեցություն է եղել: Այս քաղաքական որոշումը պետք է հարկային ճնշումները հաջորդ տարի նվազեցնի այս տարվա հետ համեմատ»,- ասաց վարչապետը:


2014թ-ի բյուջեում հիմնական շեշտադրումները կատարվելու են երեք՝ կրթության, առողջապահության և սոցիալական ոլորտների վրա: Կառավարությունն աշխատանքային խմբի միջոցով փորձելու է հասկանալ ու լուծել նաև ազատամարտիկների խնդիրները: