Հայերի «մահվան ճանապարհն» ու Ծիծեռնակաբերդի անմար կրակը. թուրք լրագրողը՝ Ցեղասպանության թանգարան այցի մասին

15:59 • 28.10.13

Թուրքական Taraf պարբերականի հոդվածագիր Օզլեմ Էրքանը Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ այցելել է Հայաստան և հոդվածաշար պատրաստել՝ թուրք ընթերցողին ներկայացնելով Հայաստանից ստացած տպավորությունները։ Հոդվածաշարի առաջին մասը ներկայացրել էինք ավելի վաղ։

 

Թուրք լրագրողուհին այցելել է նաև Ծիծեռնակաբերդ և ներկայացրել իր զգացողությունները Ցեղասպանության թանգարանում շրջելիս։

Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ.

Երևանի բարձունքներից մեկում է գտնվում Հայոց ցեղասպանության հուշարձանը, որտեղ հայերեն հուզիչ երգի մեղեդիներն են տարածվում։
 

Ծիծեռնակաբերդ բարձրանալիս օդը ցրտում է։ Տաքանալու համար կոճկում եմ վերարկուիս կոճակները։ Կամ Երևանի կենտրոնի և Ցեղասպանության հուշարձանի միջև ջերմաստիճանի զգալի տարբերություն կա, կամ ես եմ այդպես զգում։

 

Ցեղասպանության հուշարձանի բլուրին հասնելիս կանացի ձայն ենք լսում։ Հուզիչ հայերեն երգն ենք լսում։  «Դլե յաման»,-հնչում է գեղեցիկ և հուզիչ ձայնը։

 

Ցեղասպանությունից հետո հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող երկար մի սյուն և 1915թ.-ին Անատոլիայում ապրած հայերի 12 նահանգները խորհրդանշող քարե բլոկներից է բաղկացած Ցեղասպանության հուշարձանը։ Սակայն առաջ մտնում ենք թանգարան, տեսնում ցուցադրված նմուշները, փաստաթղթերը։

 

Ցավալի անցյալի վկաները
 

Ցեղասպանության թանգարանը 98 տարի առաջվա խոր մթությունը պարզեցնող հայելու է նման։ 1915թ.-ին տեղի ունեցած լուսանկարների, առարկաների և փաստաթղթերի կողքով որպես թանգարան այցելած զբոսաշրջիկ անցնելը հնարավոր չէ։ Հուզվում ենք... լուսանկարները նայելիս ցավ ենք զգում։

 

Առաջին բաժնում արևմտահայերի մինչև 1915թ.-ի կյանքն է ներկայացվում։ Հին թերթեր, բնակչության տվյալներ, եվրոպացիների՝ արևմտահայերի առօրյայի մասին գրածներ, այլ մանրամասներ։


Թանգարանի հիմնական սրահը Հայոց ցեղասպանությանն է հատկացվել։

1911թ.-ին «Հոլոքոստ» էր ասել


Աբդուլհամիդ 2-րդի օրոք՝ 1880-ականների կեսերին սկսված կոտորածների մասին Եվրոպայի և ԱՄՆ-ի թերթերում տպագրված լուրերն ենք տեսնում։ Անցյալի հուզիչ ստվերների հետ կողք կողքի քայլող թանգարանի աշխատակցի խոսքերը գրավում են մեր ուշադրությունը։ Թանգարանում ցուցադրվող գրքերից մեկը մատնացույց անելով՝ աշխատակիցն ասում է. «1911թ.-ին անգլիացի մի գրող իր գրքում առաջին անգամ հոլոքոստ բառն օգտագործեց»։

 

Այսպիսով տեղեկանում ենք, որ հրեաների ցեղասպանությունից տարիներ առաջ հայերի կոտորածները ներկայացնելու համար հենց այդ բառն է օգտագործվել։

 

Մահվան ճանապարհ

 

Հայոց ցեղասպանության հիշատակի օր համարվող 1915թ.-ի ապրիլի 24-ը հայ մտավորականներին ձերբակալելու և մահվամբ ավարտվող այդ ճանապարհն ուղարկելու օրն է։ Նախ գրող Գրիգոր Զոհրապը, հետո՝ բանաստեղծ Դանիել Վարուժանը, երգահան Կոմիտասը, այլք... Անատոլիայի հայության՝ մի քանի օրում ոչնչացված մտավորականությունը...

 

Կոտորածի քաղաք Էլազիգ

 

1915թ.-ին Էլազիգում պաշտոնավարած ԱՄՆ դեսպանը Հայոց ցեղասպանության մասին թե՛ գրել է, թե՛ լուսանկարել։ Թանգարանում ցուցադրված նրա հուշագրությունները պատմում են, թե Անատոլիայի տարբեր քաղաքներից հայ տղամարդկանց ինչպես են հավաքել Էլազիգում և կոտորել։

 

ԱՄՆ դեսպանը հենց այդ պատճառով է Էլազիգը «Կոտորածի քաղաք» անվանել. տեղեկացնում է թանգարանի աշխատակիցը։

 

Հետո խոսքն ուզած-չուզած հասնում է Ցեղասպանության կազմակերպիչներից Թալեաթ փաշային։ Աշխատակիցը նշում է, որ 1919թ.-ին Հայոց ցեղասպանության կազմակերպիչները մահապատժի դատապարտվեցին։ Սակայն դա այնքան էլ անկեղծ որոշում չէր, և դրա համար էլ ի կատար չածվեց։ Այդ անձինք արդեն հեռացել էին Թուրքիայից։ Իսկ Թալեաթ փաշան Գերմանիայում Սողոմոն Թեհլերյան անունով մարդու կողմից սպանվեց։


Ցավի դաջվածքները

 

Վառված, ռմբակոծված հայկական եկեղեցիների լուսանկարներն ենք դիտում։ 2000-ից ավելի եկեղեցի է ոչնչացվել։ Միայն շինությունները չէ, դրանց հետքերն էլ են ջնջվել։

 

Մեկ էլ դաջվածքով կանայք կան... ընտանիքները սպանված, բռնությամբ իսլամացած, թուրքացած, քրդացած հայ կանայք։ Թանգարանի վերջին հատվածում նրանց լուսանկարներն են տեղ գտել։ Բոլորի ճակատներին նույն դաջվածքը կա։ Վերապրած ցավի, ամոթի նշան դարձած դաջվածքները, որոնք պատմության մութ էջերից մեզ են նայում։


Ամեն շաբաթ թուրքեր են գալիս

 

Ցեղասպանության թանգարանում բուռն շինարարություն է ընթանում։ Թանգարանի ներսում մուրճի և գայլիկոնիչի ձայներ են լսվում։ Թանգարանը 2015թ.-ին՝ Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ընդլայնվելու է և հարստանալու է նոր փաստերով։

 

Թանգարանի աշխատակիցներն ասում են, որ թանգարան հաճախ են թուրքեր այցելում և հյուրերի համար նախատեսված գրքում գրում են իրենց տպավորությունները։ «Գրեթե ամեն շաբաթ Թուրքիայից հյուրեր ենք ունենում»,-ասում են նրանք։

 

12 վիլայեթներն ու անմար կրակը


Թանգարանից դուրս գալով՝ դեպի Ցեղասպանության հուշարձան ենք քայլում։ «Դլե Յաման» երգող այդ կնոջ ձայնը դեռ լսվում է բարձունքում։ Դեպի ցեղասպանության թանգարան տանող ճանապարհին թուրքերեն խոսող զույգի ենք հանդիպում։ Ստամբուլից Երևանը տեսնելու են եկել։ Ասում են, որ հավանել են քաղաքը։ Նրանց հրաժեշտ ենք տալիս և քայլում։ 12 վիլայեթները խորհրդանշող քարերի մեջտեղում անմար կրակն է։ Կրակն անմահ է, իսկ ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված հուշարձանին միշտ թարմ մեխակներ կան...