Հայաստանը պետք է լիներ ազատական, ժողովրդավարական երկիր, որտեղ մարդիկ ձգտեին ապրել. Տեր Հուսիկ

09:11 • 28.10.13

Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ «Հայոց համազգային շարժում» լուծարված կուսակցության վերածննդի համագումարը: Ո՞ր կուսակցությունն է իրականում հանդիսանում դեռևս Հայաստանի անկախացումից առաջ՝ 1988թ-ին հիմնված ՀՀՇ-ի իրական ժառանգորդը՝ վերածնված ՀՀՇ-ն, թե՞ «Հայ ազգային կոնգրեսը», ի՞նչ ուղեգիծ պետք է որդեգրի իրական ՀՀՇ-ն։ Այս և մի շարք այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց ՀՀՇ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Տեր Հուսիկ քահանա Լազարյանի (Գարուշ Լազարյան) հետ:

 

-Տե՛ր Հուսիկ, Ձեզ համար ընդունելի՞ է նոր ՀՀՇ-ն, Ձեր կարծիքով նա է շարունակո՞ղը լինելու 1988-ականների ՀՀՇ-ի:


-Ես դեմ էի ՀՀՇ-ի լուծարմանը, որովհետև ՀՀՇ-ն պատմություն է, անցած ուղի ունի, ճանապարհ: Շատ բան է արել այս երկրի անկախության, ազատական արժեքների հաստատման համար: Գուցե հնարավոր էր այլ ճանապարհ գտնել և ոչ թե լուծարել: Ես ողջունում եմ նոր կուսակցությունների առաջացումը, բայց չեմ կարծում, որ ՀՀՇ-ն նոր կուսակցություն կարելի է համարել: Դա փորձ է վերածնել ՀՀՇ-ն, որը բարդ խնդիր է, քանի որ իմ տեղեկություններով տարածքային բոլոր կազմակերպությունները արդեն Կոնգրեսի անդամ են: Հետևաբար անհրաժեշտություն է առաջանալու նոր տարածքային կազմակերպություններ ստեղծել: Ինչքանով դա կլինի նախկին ՀՀՇ-ն, այսօր ինձ համար դժվար է ասել: Հուսով եմ, որ նրանց կհաջողվի որդեգրել այն լիբերալ արժեքները, որոնք կային ու դավանում էր ՀՀՇ-ն ի սկզբանե:

 

-ՀՀ առաջին նախագահը՝ Լևոն Տեր Պետրոսյանը, ելույթ ունենալով դեռևս չլուծարված ՀՀՇ-ի վերջին համագումարին, հայտարարեց, որ այն նմանվել է «գեղի կլուբի»: Մի խումբ ՀՀՇ-ականների կողմից կուսակցության վերածնումը, վրեժխնդրություն չէ՞ նախագահից:

 

-Ես հեռու եմ այդ մտքից՝ համարել վրեժխնդրություն: Սա իսկապես ՀՀՇ-ին վերածնելու կամ վերականգնելու փորձ է, մնացածը ժամանակը ցույց կտա: Բայց չեմ կարծում ու չէի ցանկանա այդպիսի հակասություններ կամ հակադրություններ տեսնել: Կարող է անձնական ինչ-որ խոսքային հակադրություններ լինեն, բայց գաղափարախոսության առումով չեմ կարծում, որ հակադրություններ կլինեն:

 

-Վերածնված կուսակցության ղեկավար կազմը վստահեցնում է, որ 25 տարի առաջ ՀՀՇ-ի որդեգրած ուղեգծի շարունակողն է լինելու: Ո՞րն է այդ ուղեգիծը, ըստ Ձեզ:

 

-ՀՀՇ-ի իրական ուղեգիծը ազատականությունն էր, ժողովրդավարությունը, որն ամբողջությամբ ի սկզբանե դրված էր հիմքում՝ առանց հետ նայելու առաջ գնալ դեպի համամարդկային արժեքներ, դեպի այն լավագույնը, ինչ-որ մարդկությունը ստեղծել է առ այսօր և այդ արժեքները փորձել ոչ միայն դարձնել ժողովրդի սեփականությունը, այլ պետության քաղաքականության հիմնական մասը, զարգացման հեռանկարը: Մեր համոզմամբ Հայաստանը պետք է լիներ ազատական, ժողովրդավարական երկիր, որտեղից մարդիկ պետք է ոչ թե փախչեին, այլ ձգտեին ապրել այդ երկրում:

 

-Հնարավո՞ր է անդամակցեք վերածնած ՀՀՇ-ին:

 

-Առայժմ ես որևէ կուսակցության անդամ չեմ: Ես եղել եմ ՀՀՇ անդամ և չեմ դադարել ՀՀՇ անդամ լինելուց: Ես երբևէ դուրս չեմ եկել այս կուսակցությունից և այլ կուսակցություն չեմ մտել: Այս առումով որոշում կկայացնեմ, դեռ չեմ կարող ասել:

 

-Հրավեր ստացե՞լ եք:

 

-Ես հանդիպել եմ, խոսել եմ նախաձեռնողների հետ, հաճախ լինում են Կոնգրեսում: Իմ ընկերական, մարդկային հարաբերությունը պահպանել եմ բոլորի հետ: Չեմ կարծում, որ նրանք թշնամիներ են կամ պետք է նրանց հետ հակադրվել: Պարզապես ինձ համար որոշում դեռ չեմ կայացրել:

 

-Ինչպես եք գնահատում նախկին ՀՀՇ այն անդամների գործունեությունը, որոնք դուրս եկան կազմեցին կուսակցություններ, հետո դարձան ՀԱԿ դաշինքի մաս, իսկ հետո նորից առանձնացան:

 

-Գնահատողը ես չպետք է լինեմ, ինձ համար դժվար կլինի: Դրա համար կա երկու սկզբունք՝ պատմությունը և ժողովուրդը: Եթե մենք իրոք ժողովրդավարական երկիր լինեինք, գնահատման ամենամեծ չափանիշը կլիներ ընտրությունը: Քանի որ մեզ մոտ ընտրություն, որպես այդպիսին, չի կայանում, ուրեմն այդ չափանիշը դուրս է մնում: Պատմության և ժամանակի ընթացքում այդ գնահատականները կլինեն, մենք չէ, որ պետք է գնահատենք այն ինչ եղել է:


Բայց ՀՀՇ-ն 1988-1990-ականներին մի համընդգրկուն կազմակերպություն էր, որը դուրս էր եկել տոտալիտարիզմի դեմ: Բնականաբար բոլոր այլախոհները ընդգրկված էին ՀՀՇ-ում: Ազատականությանը, ժողովրդավարությանը զուգընթաց բնական է, որ այն պետք է տարրալուծվեր: Սրանում վատ բան չեմ տեսնում: Այն բազմազանությունը, որ կուսակցությունում կար 1990-ականներին, պետք է տրոհվեր, այդպես էլ եղավ, սա բնական ճանապարհ էր: ՀՀՇ-ն ծնունդ տվեց բազմաթիվ այլ կուսակցությունների, կազմակերպությունների՝ երբեմն իրարամերժ, իրար լրացնող, բայց սա բնական ընթացք էր, ու դա է ՀՀՇ-ի ամենամեծ առաքելությունը, որ կարողացավ հավաքել այլախոհներին ու ազատություն տվեց բոլորին հանգիստ դուրս գալ նրանից:

 

-«Հայ ազգային կոնգրես» դաշինքը, երբ փոխակերպվեց կուսակցության, հայտարարեց, որ ինքը ՀՀՇ-ի ժառանգորդն է՝ պարզապես անունն է փոխվել: Դուք ընդհանրություններ տեսնու՞մ եք ՀԱԿ-ի ու ՀՀՇ-ի միջև:


-ՀԱԿ-ը ՀՀՇ-ի հենքի վրա է ստեղծվել, նրա գաղափարների շարունակողն է: Կան, իհարկե, որոշ նրբություններ, որոնք տարբերվում են, գործելաոճ, որը ինձ համար անհասկանալի է: Օրինակ՝ ՄՄ-ին անդամակցելու խնդիրը Կոնգրեսում չդարձավ առաջին այն հարցը… Իհարկե անդրադարձ եղավ, իհարկե չեն ողջունել, բայց սա պետք է դրվեր գործունեության հիմքում, որովհետև Մաքսային միության անդամ դառնալը ամբողջովին հակասում է թե՛ ՀՀՇ-ի, թե՛ ՀԱԿ-ի գաղափարախոսությանը: Սա ինձ համար զարմանալի էր: Արտագաղթի մասին նույնպես ՀԱԿ-ը խոսում է, բայց դարձյալ գործողություններ ես չեմ տեսնում: Այսօր ՀԱԿ-ից գործողություների պակաս եմ զգում: Գուցե նոր ստեղծվող ՀՀՇ-ն գործողությունների այդ պակասը կլրացնի՞: Կան հայտարարություններ, կան տեսակետներ, կան կարծիքներ, բայց քայլեր ես չեմ նկատում: Կարելի է գտնել ճանապարհներ ու բոյկոտել ինչ-որ բաներ: Պետք է չվախենալ, որ այսօր դրանց կարող են մասնակցել 10 հոգի, վաղը՝ 20 հոգի: Կանաչներն էլ որ սկսեցին իրենց շարժումը անցյալ դարի 60-ականներին, մի քանի տասնյակ էին, իսկ այսօր կանաչները երկրորդ կամ երրորդ կուսակցություն են Եվրոպայում իրենց մեծությամբ: Ես Հայաստանում ընդդիմադիր դաշտում գործողությունների պակաս եմ տեսնում, քայլերի պակաս եմ զգում:

 

-Ընդդիմությունը կարծես ցրված է և միասնականություն չկա: Ի՞նչ հեռանկար եք տեսնում ընդդիմադիր դաշտը լցնելու համար:

 

-Իշխանությունը միշտ լինում է միաձույլ, իսկ ընդդիմությունը տարբեր: Աշխարհում է այդպես: Ցանկացած երկրում մի կուսակցություն ղեկավարում է, մյուսները ընդդիմադիր են: Ցրվածությունը ճիշտ չէ: Խնդիրը հետևյալում է՝ ում հետևից գնալ: Բայց ասեք իրենք ինչ քայլեր են անում, որ ես իմանամ, թե ում հետևից գնամ: Ես քայլ պետք է տեսնեմ, միայն գաղափարախոսության հետևից գնալով կարող ես  կուսակցության անդամ դառնալ: Ընդդիմությանը կարող է միայն միավորել կատարվող քայլը, քայլեր որոնք տրամաբանական կլինեն, կտեսնենք դրանց հաջորդականությունը կամ լույսը թունելի վերջում: Ահա միայն այս դեպքում կարելի է գնալ: Այն ընդդիմադիր քաղաքական ուժը, որը ունի գործողությունների շղթան, նա էլ կկենտրոնացնի բոլորին, ուրիշ ելք չկա:

 

-Ներկայումս ու՞մ եք պատկերացնում՝ որպես ընդդիմության լիդեր:

 

-Ես կարծում եմ, որ առայժմ լավագույնը Լևոն Տեր-Պետրոսյանն է՝ իր կենսագրությամբ, իր անցած ճանապարհով, իր շիտակությամբ:

 

-Ժողովուրդը նորից կգնա՞ նրա ետևից:

 

-Դուք նախ ասե՛ք, Հայաստանում ազատ ընտրություններ կլինե՞ն, թե՞ ոչ, հետո կխոսենք՝ ժողովուրդը կգնա՞, թե՞ ոչ: Սրանք իրար հետ փոխկապակցված են: Արտագաղթի այն տեմպերը, որ կա Հայաստանում, ինձ ավելի շատ է հետաքրքրում է ոչ թե այն, թե լիդերը ով կլինի: