ՄՄ-ին անդամագրվելը նշանակում է ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցնել ՄՄ օրենսդրությանը. վարչապետ
ԱԺ-ում 2014 թ-ի պետական բյուջեի նախագծի ներկայացմանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նաև քաղաքական այն որոշմանը, որ ՀՀ-ն պետք է միանա Մաքսային միությանը։
«Դա նշանակում է, որ մի քանի տասնյակ օրենքներ, միջազգային պայմանագրեր պետք է քննարկենք, ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցնենք ՄՄ օրենսդրությանը, ձևավորենք միջավայր, որ խթանելու է մեր տնտեսվարող սուբյեկտներին։ Քննարկումներ ըստ ոլորտների՝ ինչպիսի փոփոխություններ ենք առաջարկելու, և դրանք ինչ ազդեցություն են թողնելու մեր տնտեսվարող սուբյեկտների վրա»,- ասաց նա։
Թեմային անդրադարձավ նաև Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ով նշեց, թե այսօր կառավարությունն այս ուղղությամբ ինչ աշխատանքներ է իրականացնում։
«Գոյություն ունեն համապատասխան աշխատանքային խմբեր, որոնք ղեկավարվում են փոխնախարարների մակարդակով, ժամանակացույց է մշակվում ու վերջնական կհստակեցվի այն ժամանակահատվածը, երբ ՀՀ-ն կարող է վերջնական հայտ ներկայացնել ու անդամագրվել ՄՄ-ին»,- ասաց նա։
Նախարարի խոսքով՝ մի շարք ոլորտներում մաքսատուրքերն, իհարկե կբարձրանան։ «Բնական է, որ ապրանքները, որոնք ՌԴ-ից են գալիս Հայաստան ազատվում են հարկից, բայց այսպես թե այնպես, մեծ մասը ազատված է հարկից: Այն մուտքերը, որ կլինեն եվրոպական երկրներից այդտեղ պետական տուրքերը միջինում 2,6% է, այսինքն՝ 2%-ից ավել ազդեցություն կլինի մաքսատուրքի վրա, այն մուտքերը, որոնք կլինեն միասնական բյուջեից հատկացվող, ավելի բարձր կլինեն»,- ասաց նա և հստակեցրեց, թե դա չի նշանակում վերջնական գնահատական։
«Վերջնական ազդեցությունը տնտեսության վրա, դեռ առջևում է, դեռ մի քանի ամիս պետք է աշխատենք: Գների փոխաճ կարող է սպասվել , գումարները կգան կփորձեն գնաճը փակել ու որևէ զարգացում տեղի չի ունենա: Չեմ կարծում, որ էական գնաճի մասին պետք է խոսել կապված ՄՄ-ի հետ»,- նշեց նախարարը։
Նախարարը նշեց, թե գազի, բենզինի, դիզվառելիքի համար ՌԴ-ում կա արտահանման մաքսադրույքներ, որոնք վերաբերում են նաև ՄՄ բոլոր անդամներին։ «Կա շուրջ հարյուր անվանացանկ , որոնց վրա արտահանման համար կան մաքսադրույքներ, եթե մենք անդամակցում ենք Մաքսային միությանը, ապա ավելի ցածր գներ է նշանակում մեր կողմից օգտագործվող ապրանքների համար»,- նշեց նա։










