Քեմերոնը սպառնում է դատի տալ Guardian-ին գաղտնի տվյալներ հրապարակելու համար

09:56 • 29.10.13

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը սպառնացել է դատի տալ The Guardian թերթին, որտեղ հրապարակվել են ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակցի տրամադրած տեղեկությունները, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Daily Mail-ին:

 

Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ թերթը հրաժարվում է գիտակցել սոցիալական պատասխանատվությունը՝ չնայած նախազգուշացումներին այն մասին, որ նման «բացահայտումները» վնաս են հասցնում ազգային անվտանգությանը:

 

Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, որ այն թերթերի նկատմամբ, որոնք նման նյութեր են հրապարակում, պատժամիջոցներ կկիրառվեն: Քեմերոնը սպառնացել է D-ծանուցմամբ՝ պաշտոնական արգելք հատուկ նյութերի հրապարակման դեպքում:

 

Չնայած ծանուցումն իրավական ուժ չունի, սակայն Քեմերոնը հասկացրել է, որ նախարարները կարող են դատարանում հասնել հրապարակման դադարեցման:

 

Վարչապետը հայտարարել է, որ իր համբերությունը սպառվել է վերջին մի շարք հոդվածներից հետո, որտեղ պատմվում է, որ ամերիկացիները գաղտնալսել են 35 համաշխարհային առաջնորդների հեռախոսները և որ բրիտանական հետախուզությունը «լսել է» իտալացի և իսպանացի քաղաքացիներին: