Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Բիձինա Իվանիշվիլիին՝ Գիորգի Մարգվելաշվիլիի հաղթանակի կապակցությամբ

11:19 • 29.10.13

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին՝ Վրաստանում կայացած նախագահական ընտրություններում «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության թեկնածու Գիորգի Մարգվելաշվիլիի հաղթանակի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից։


Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Վրաստանում կայացած նախագահական ընտրություններում «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության թեկնածու պարոն Գիորգի Մարգվելաշվիլիի համոզիչ հաղթանակի կապակցությամբ:


Վստահ եմ, որ այս հաղթանակը նշանակալից գործոն կհանդիսանա եղբայրական Վրաստանի հետագա զարգացման ու նրա ժողովրդի բարգավաճման համար: Այն նաև նոր էջ կբացի մեր երկկողմ համագործակցության համար, որը խարսխված է հայ և վրաց ժողովուրդների միջև դարավոր բարեկամության ավանդույթների վրա:


Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություն և նորանոր ձեռքբերումներ Ձեր հետագա գործունեության մեջ»: