Նման ճղճիմ մեթոդները վկայում իշխանության օրեցօր թուլացման մասին. ՀԱԿ-ը՝ գրասենյակ ներխուժած անձին ազատ արձակելու մասին

17:57 • 04.11.13

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Ոստիկանությունը արագ հայտնաբերել է Կոնգրեսի գրասենյակ ներխուժած զինված անձին և խոստովանական բացատրություն ստանալուց հետո «նույնքան արագ ազատ է արձակել նրան»:

 

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Նոյեմբերի 1-ին Ոստիկանությունը արագ հայտնաբերել է Կոնգրեսի գրասենյակ ներխուժած զինված անձին և խոստովանական բացատրություն ստանալուց հետո նույնքան արագ ազատ է արձակել նրան:

 

Իրենց իսկ բնորոշմամբ սպանության սպառնալիք կիրառած և խոստովանական բացատրություն տված անձը, ումից առգրավվել են նաև հանցագործության գործիք հանդիսացող դաշույնները, ազատ է արձակվել, և մինչ այս պահը օրենքի խախտմամբ քրեական գործ չի հարուցվել և սպանության սպառնալիք տված անձը չի ձերբակալվել և չի կալանավորվել: Սա հիմք է տալիս մտածելու, որ տվյալ անձը վայելում է իշխանությունների հովանավորությունը, եթե չի գործել նրա անմիջական հանձնարարությամբ:

 

Հայ Ազգային Կոնգրեսը, գնահատելով սա որպես քաղաքական ահաբեկման դրսևորում, հայտարարում է, որ նման ճղճիմ մեթոդները վկայում իշխանության օրեցօր թուլացման մասին, և հոգեվարքի դրսևորում են»: