Բնական պաշարների օգտագործման ոլորտում թափանցիկություն կապահովվի

20:12 • 04.11.13

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը Լոնդոնում կայացել է «Բաց կառավարման գործընկերության» (ԲԿԳ) նախաձեռնության 2013թ. գագաթնաժողովը, որին մասնակցել են արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Տիգրան Գևորգյանը, ինչպես նաև՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

 

Ինչպես հաղորդում են ԱԳՆ-ից՝ գագաթնաժողովի հիմնական նպատակն էր՝ ի մի բերել ԲԿԳ գործունեության առաջին երկու տարիների արդյունքները, մասնավորապես՝ գործողությունների ազգային ծրագրերով նախատեսված հանձնառությունների կատարումը, քննարկել գործողությունների նոր ծրագրերի մշակման հետ կապված հարցերը, կառավարության գործունեության թափանցիկության և հաշվետվողականության ապահովման մեխանիզմները, նախաձեռնության շրջանակներում կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխգործակցության արդյունավետության բարձրացման հեռանկարները:

 

Գագաթնաժողովի շրջանականերում փոխնախարար Աշոտ Հովակիմյանը՝ մամլո ասուլիսի և ելույթի միջոցով ներկայացրել է Հայաստանի գործողությունների նոր ծրագրի՝ կառավարության կողմից առաջարկվող ընդհանուր դրույթները: Հատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանի 2014-16 թթ. կարևորագույն հանձնառություններից մեկին՝ հանքարդյունաբերության բաց շտեմարանի ստեղծմանը, որի նպատակն է՝ թվայնացնել և հասարակությանը հասու դարձնել ՀՀ երկրաբանական գործակալության արխիվներն ու տվյալները: Հանձնառությունն արձագանքում է առաջիկա տարիների համար ԲԿԳ գործընթացում հայտարարված հինգ առաջնայնություններից մեկին՝ բնական պաշարների օգտագործման ոլորտում թափանցիկության ապահովմանը: Հովակիմյանը նաև շեշտել է, որ ՀՀ կառավարությունն անելու է ամեն հնարավորը՝ ԲԿԳ գործընթացներում քաղաքացիական հասարակության ներգրավման ծավալն ու արդյունավետությունն ընդլայնելու համար:

 

Գագաթնաժողովի աշխատանքներին մասնակցել են Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քամերոնը, արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին (հեռուստակամրջի միջոցով), բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: