ԱՄՆ ԿՀՎ-ն ստիպել է բժիշկներին կտտանքների ենթարկել Գուանտանամոյի ահաբեկիչներին
Հետաքննությունը պարզել է, որ ԱՄՆ-ի ռազմական բժիշկներն ու հոգեբանները խախտել են իրենց մասնագիտական պարտականությունները՝ երկրի ռազմական գերատեսչության և կենտրոնական հետախուզական վարչության հանձնարարությամբ։ Նրանք կտտանքների են ենթարկել Գուանտանամոյում և այլ հատուկ բանտերում պահվող ենթադրյալ ահաբեկիչներին, գրում է The Guardian-ը:
Ամերիկյան բժշկության ինստիտուտի և Սորոսի հիմնադրամի համատեղ զեկույցում նշվում է, որ ուժայինների և բժիշկների համագործակցությունը սկսվել է 2001-ի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Ըստ այդմ՝ առողջապահության ոլորտի մասնագետները, աշխատելով ռազմական և հետախուզական ծառայությունների հետ, «կազմակերպել և մասնակցել են կալանավորների կտտանքներին և դաժան, անմարդկային ու ստորացուցիչ վերաբերմունք ցուցաբերել»:
Պենտագոնն ու ԿՀՎ-ն պահանջել են բժիշկ մասնագետներին ներգրավվել այնպիսի գործողություններում, որոնք ծանր վնաս են հասցրել կալանավորներին՝ այդ թվում ջրով խեղդում, քնից զրկում և ստիպողաբար կերակրում:










